Սպառնում են
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները մթերած խաղողի դիմաց իրենց գումարները ամբողջությամբ չեն ստացել։ Նրանք որոշել են այսօրվանից նստացույց սկսել «Վինար» ՍՊԸ-ի դիմաց:
«Ինչքա ՞ն կարող են մեզ խաբելով ման գալ, մի մասին հունիսի 3-ին վճարել են, մի մասին էլ պետք է հունիսի 11-ին վճարեին, բայց մինչ օրս չեն վճարում: Մենք արդեն որոշել ենք` վաղվանից նստացույց ենք սկսում: Ձեռք են առնում, ամեն մի օրը մեր կյանքից ու ներվերից է գնում: Այ քեզ վիճակ, բան ու գործ թողած մենակ էս հարցով ենք զբաղված»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խաղողագործ Արմեն Մկրտչյանը:
Խաղողագործը նշեց, որ դիմել են անգամ ՀՀ նախագահին, պատասխան չկա: «Վարկի տակ ճռռացող մարդը ամեն ինչի ունակ է: Դանակը ոսկորին է հասել»:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կառավարության մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ քաղցրաշենցիներ, ովքեր պահանջում էին նախորդ տարի մթերած խաղողի դիմաց իրենց գումարները։ «Վինարի» կողմից շահագործվող գինու գործարանը խաղողագործներին ավելի քան 185 միլիոն դրամ է պարտք։ Կառավարության առջև մեկ ժամից ավել ցույց անելուց հետո քաղցրաշենցի մի քանի խաղողագործների հետ հանդիպեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկմանը մասնակցեց նաև «Վինարի» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն ու գործարանի տնօրենը։