100 միլիոն դոլար վարկն ուղղվելու է Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցմանը /վիդեո/
Մեկնարկեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները (Տեսանյութ)
Երևան-Գյումրի մայրուղու Լանջիկ համայնքի մոտ հունիսի 17-ին ազդարարվեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկը:
Այն նշանավորվեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկու և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի կողմից կառուցվելիք ճանապարհի հիմքում խորհրդանշական պարկուճի տեղադրմամբ:
Լրագրողների հետ զրույցում «Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով: Այն բաժանված է առանձին տրանշերի, որոնց շրջանակում կնքվել են վարկային առանձին պայմանագրեր:
Հյուսիս-հարավ ծրագրի 3-րդ Տրանշը համաֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից: «Այս հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնելու համար Եվրոպական Միությունը Հայաստանի կառավարությանը տրամադրել է նաև 12 մլն եվրո դրամաշնորհ:
ԱԶԲ-ի 100 միլիոն դոլար վարկն ուղղվելու է Թալին-Լանջիկ հատվածի (18,7 կմ) վերակառուցմանն ու տեխնիկական հսկողությանը, իսկ ԵՆԲ-ի հետ կնքված 72 մլն. եվրոյի համաձայնագրի շրջանակներում իրականացվելու է Լանջիկ-Գյումրի հատվածի (27,5 կմ) վերակառուցումը և տեխնիկական հսկողությունը, ինչպես նաև Գյումրի-Բավրա հատվածի նախագծումը», – ասաց Ա. Սարգսյանը:
Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում շեշտեց, որ Եվրոպական Միությունը մեծ ուրախությամբ է ներդրում կատարում և աջակցում Հայաստանում ճանապարհների կառուցմանը. «Կարծում եմ` բոլորիս համար, սա գերազանց օր է: Հայաստանը հրաշալի երկիր է, բայց կարիք ունի լավ ճանապարհների: Իսկ լավ ճանապարհները կայուն զարգացման հիմնական սյունն են: Դրանք անհրաժեշտ են նաև մարզերի կենսամակարդակի բարձրացման համար, մասնավորապես այս մարզի: Ինչպես նաև անհրաժեշտ է, որպեսզի արտաքին ներդրողները շահագրգռված լինեն ներդրումներ կատարել այս երկրում»:
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը հիշեց չինական ասացվածքը` «Ուզում եք հարուստ լինել, ճանապարհները լավը դարձրեք»: «Մենք ամբողջովին գիտակցում ենք լավ ճանապարհային համակարգի կարևորությունը և առանձնահատուկ ուրախ ենք, որ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությանն է իրավունք և հնարավորություն տրվել մասնակից դառնալ աշխատանքներին։
Այն հատկապես կարևոր է Չինաստանի նախաձեռնած Մետաքսի ճանապարհ ծրագրի իրականացման համատեքստում: Հուսով եմ, որ աշխատանքները կավարտվեն ճիշտ ժամանակին և բարձր որակով», – ընդգծեց դեսպանը:
Հայտարարված միջազգային մրցույթների արդյունքներով՝ որպես նվազագույն գնային առաջարկ և տեխնիկապես բավարար գնահատված հայտ ներկայացրած չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ղեկավար Վեն Սյաոն վստահեցրեց, որ հաջողությամբ կավարտեն այս նախագիծը. «Մեր ընկերությունը ավելի քան 80 երկրներում ծրագրեր է իրականացրել, իսկ վերջին տարիներին` Ղազախստանում, Սերբիայում, Վրաստանում, և այժմ եկել ենք Հայաստան: Հույս ունեմ, որ լավ համագործակցություն և գործընկերներ կգտնեմ այստեղ»:
Շնորհավորանքներ հնչեցին նաև դոնոր ֆինանսական կառույցների (ԱԶԲ և ԵՆԲ) ղեկավարների, շինարարական և վերահսկող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:
Ամփոփելով այս կարևոր իրադարձությունը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Անդրադառնալով Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկին` նա մասնավորապես նշեց. «Կարող եմ ասել, որ այսօր սկիզբ դրվեց` երեք տարի հետո Հայաստանի հյուսիսային ճանապարհը ամբողջությամբ ավարտելու գործընթացին: Ամեն ինչ արվում է, որպեսզի մենք ունենանք մինչև Սև ծով առաջին կարգի ճանապարհ: Մենք բանակցում ենք այսօր մեր հարևան Վրաստանի Հանրապետության հետ, որպեսզի ճանապարհը Բավրայից մինչև Սև ծով նաև իրենք այս կազմակերպությունների միջոցով իրականացնեն և հասնենք մեր նպատակին, ինչի համար երկար տարիներ աշխատել ենք»:
Հավելենք, որ Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների կառուցման համապատասխան կապալային պայմանագրերի համաձայն կկառուցվի 46,2 կմ ճանապարհ՝ շուրջ 140 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, ներառյալ ԱԱՀ-ն:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2018 թվականի տարեվերջին, 2019 թվականի տարեսկզբին:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում