Միլիոնների վնաս՝ 15 րոպեում. գյուղացիները զայրացած ու հուսահատ են /ֆոտո/
«Կարկուտը 15 րոպեում ջարդեց ամբողջ բերքը ու բոլորիս կանգնեցրեց փաստի առաջ: Ցորենի դաշտերը լրիվ ջարդեց, խնձորի այգիները կարկտահարված են: Բոլոր ցանքատարածքները հավասարվեցին գետնին: 15 րոպեում մարդիկ դարձան անհույս ու լացելու աստիճանի զայրացած, բայց բնության դեմ ոչ մի բան չէինք կարող անել»,- թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի բնակիչ Դավիթ Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով՝ գյուղացիներից շատերը մի քանի միլիոնի վնաս են կրել:
«Մինչև տասը միլիոն վնաս կրած մարդ կա: Ելակի ամբողջ ցանքատարածությունը ջարդված է, մի քանի օր հետո արդեն ելակը շուկա պետք է տարվեր ու այս փորձանքը եղավ: Մարդիկ ինֆարկտ են ստանում: Չեք պատկերացնի ինչ իրավիճակ է»,-ասաց Դավիթ Վարդանյանը:
«Ես չգիտեմ ի՞նչ եմ անելու: Պետությունից վարկ եմ վերցրել ու ելակ մշակել: Օրը՝ հինգ հազար դրամով աշխատող եմ վարձել: Տնով՝ տեղով կործանվեցի: Չգիտեմ ընտանիքս ո՞նց եմ պահելու: Ո՞վ կօգնի մեզ: Անաստված բնությունը սաղ կործանեց: Միլիոնների մասին է խոսքը՝ կատակ չի»,-ասաց նույն գյուղի բնակիչ Արմեն Վարդանյանը:
«Իբր մի հալի էինք՝ հիմա էլ բնությունը սենց հարվածեց»,-եզրափակեց գյուղացին: