“Ռետինե Հռոմի պապը”. կաթոլիկ առաջնորդի դիմանկարը պատրաստվել է 17 հազար պահպանակներից /ֆոտո/
Նախկին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի` հրաժարական տալու նույն շաբաթվա ընթացքում ամերիկացի նկարչուհի Նիքի Ջոնսոն ավարտեց նրա դիմանկարը: “Eggs Benedict” անունով աշխատանքը (բառախաղ` “բենեդիկտյան հավկիթներ”` հավկիթի պատրաստման եղանակ) պատրաստված է 17 հազար պահպանակներից:
Ջոնսոնի մոտ այս գաղափարը ծագել է 2009-ին, երբ նա ռադիոյով լսել է Բենեդիկտոս 16-րդի վիճարկելի հայտարարությունը, ըստ որի “պահպանակները չեն պաշտպանում ՁԻԱՀ-ից, այլ ավելի են խորացնում խնդիրը”: Այս հայտարարությամբ Բենեդիկտոս 16-րդը հանդես էր եկել Աֆրիկա կատարած այցի ժամանակ: Նկարչուհու խոսքով` դա ներշնչել է իրեն այնպիսի մի բան անել, որով կկարողանա երկխոսություն սկսել: “Մենք պետք է ճնշում գործադրենք համաշխարհային առաջնորդների վրա, որոնք հանդես են գալիս առողջության ամրապնդման եւ սեքսուալ կյանքի լուսավորման դեմ”,-հայտարարել է նկարչուհին:
Նա բացատրել է, որ արեւային լույսի ներքո պահպանակները դյուրաբեկ են դառնում եւ կորցնում են առաձգականությունը, եւ որ ամենալավը նրանք մնում են արգոնով լցված ցուցափեղկերում: Նկարը կցուցադրվի ցուցափեղկի եւ պատվանդանի վրա, որպեսզի երեւա` ինչից է այն պատրաստված: