Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում են Ղարաբաղի համար անգամ Եվրատեսիլում․ Комсомольская правда
Ռուսական Комсомольская правда-ն անդրադարձել է Եվրատեսիլում տեղի ունեցած միջադեպին, երբ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը, չնայած արգելքին, ծածանել էր Արցախի դրոշը։
Կայքը նշում է, որ ի սկզբանե կազմակերպիչներն ամեն ինչ անում էին՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակիցներին իրարից հեռու պահելու համար։
«Հայաստանի ներկայացուցիչ Իվետան մի անգամ չեկավ ասուլիսին, երբ իմացավ, որ Ադբեջանի մասնակից Սամրան այնտեղ է լինելու։ Խնդիրն այն է, որ այդ ժամանակ էր հենց, որ ԼՂ հիմնահարցը բորբոքվել էր, ու լարված վիճակ էր շփման գծում։ Եվրատեսիլի բացմանը՝ կարմիր գորգին, այնպես էին կազմակերպել, որ աղջիկները մեկ ժամ տարբերությամբ դուրս գան գորգին։ Թվում էր՝ կանցնի, բայց արի ու տես, որ ոչ»,- գրում է լրատվամիջոցը՝ նշելով, որ մրցույթի կազմակերպիչներն արգելել էին մի շարք դրոշներ, որոնց թվում էր Լեռնային Ղարաբաղի դրոշը։
«Սակայն որոշ երկրների համար ավելի կարեւոր է եթերում դրոշը ցույց տալ, քան հետո խնդիրներ ունենալ Եվրոպական հեռարձակողների միության հետ՝ կապված տարբեր պատժամիջոցների հետ։ Ու կանաչ սենյակում Հայաստանի ներկայացուցիչ Իվետան ծածանեց Ղարաբաղի դրոշը։ Եւ դա, գաղտնի չէ, որ ոմանց համար դարձավ ինչպես «կարմիր կտորը՝ ցուլի համար»։ Կրքերն ավելի թեժացան, երբ թե Հայաստանի, թե Ադրբեջանի ներկայացուցիչներն անցան եզրափակիչ։ Իհարկե, մամուլի ասուլիսի ժամանակ Իվետային հարցրին՝ ինչու․․․ նա էլ պատասխանեց՝ ես ներկայացնում եմ իմ երկիրը և իմ սիրտը, իմ մտքերը ու բոլոր հույզերը իմ հայրենիքի հետ են: Այն ամենը ինչին ես կոչ եմ անում, ուզում եմ գոչել, բղավել՝ խաղաղությունն է: Խաղաղություն եմ ուզում սահմանում: Հայաստանը խաղաղություն է ուզում: Հենց այդ պատճառով էլ գրել եմ իմ երգը՝ «Սիրո ալիք»: Ուզում եմ տարածել սիրո ալիքները։ Դրա համար էլ դրոշը բաձրացրել եմ, որովհետև ուզում եմ մարդիկ կենրոնանան դրա վրա․․․
Ադրբեջանի մասնակիցն այդ ժամանակ սթրեսի մեջ նստած էր, մինչեւ որ ադրբեջանցի լրագրողը, իբր խոսքն ուղղելով իրենց մասնակցին, բոցավառ ճառ ասաց այն մասին, թե Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, ոչ ոք չի ճանաչել դրա անկախությունը։ Նա հույս հայտնեց, որ դրոշը ծածանելը լուրջ հետեւանքներ կունենա․․․
Ասուլիսավարն ի վերջո բարկացավ, բայց լրագրողի բարձրախոսը, չգիտես ինչու, չանջատեց․․․Եւ հենց այդ ժամանակ Սամրան մի փոքր ոգեւորվեց ու համեստորեն ասաց՝ Եվրատեսիլը քաղաքականության տեղ չէ․․․»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ Եվրոպական հեռարձակողների միությունը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ, եթե Արցախի դրոշը նաեւ եզրափակչին ծածանվի։
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2016-ի եզրափակիչը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 14-ին։