Սիսիանում բողոքում են «թուրքի խանութի» դեմ
Մի խումբ երիտասարդներ երեկ հավաքվել էին Սիսիանի կենտրոնական հրապարակում եւ իրենց մտահոգությունն էին արտահայտում օրերս, ինչպես իրենք ասացին, քաղաքում «թուրքի խանութ» բացվելու համար: Նրանք նշեցին, որ դեմ չեն մարդկանց` սեփական բիզնես վարելու եւ իրենց ընտանիքը պահելու հանգամանքին, բայց մտավախություն հայտնեցին, որ Սիսիանում արդեն ձնագնդի արագությամբ տարածվում է «քաղաքում թուրքի խանութ կա» խոսակցությունը, եւ մարդկանց պետք է տեղեկացնել այդ մասին` իրենց զգոնությունը չկորցնելու` «թուրքի խանութ» մտնելիս: Նրանց մտահոգում էր նաեւ այն, որ «թուրքի խանութը» բացվել է հենց այս օրերին, երբ սահմանին հայ զինվոր է զոհվում, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները պատերազամական են:
Այնուհետեւ երիկտասարդների խումբը շարժվեց դեպի նույն խանութի ուղղությամբ` զգուշացնելու խանութի «թուրք տիրոջը», որ իրենց ուշադրության կենտրոնում են:
Երիտասարդների` խանութի մոտ հավաքվելը եւ իրենց մտահոգությունն արտահայտելը ոչ ադեկվատ ընդունեց խանութի աշխատակցուհին` փորձելով հավասարակշռությունից հանել երիտասարդներին: Մի քանի երիտասարդ մտան խանութից ներս` բացատրելու աշխատակցին իրենց մտահոգող խնդիրը, իմանալու` ճի՞շտ է, արդյոք, խանութի սեփականատիրոջ` թուրք լինելը, սակայն աշխատակցուհին, ղժղժան ձայնի հետ գործի դրեց նաեւ … ձեռքերը…
Նույն պահին խանութի տարածք մտած ոստիկանության աշխատակիցը հանդարտեցրեց լարվածությունը: Պարզաբանում տրվեց, որ խանութի սեփականատերը թուրք չէ, տարածքը վարձակալված է, աշխատակցուհին նույնպես թուրք չէ, բայց եւ չհերքվեց նրա առնչությունը ստամբուլցի թուրքի հետ, ով, ինչպես ասացին ներկաները, արդեն գնացել է Սիսիանից: Կիսելով երիտասարդների մտահոգությունը, բայց` հենց այս օրերին ավելորդ լարվածություն չստեղծելու հորդորով` ոստիկանության աշխատակիցը հավաստիացրեց, որ ամեն ինչ իրենց տեսադաշտում է, եւ մտահոգության ու անհանգստության կարիք չկա:
Երիտասարդները նշեցին, որ բավարարված են իրենց տրված պատասխաններից եւ հավաստիացումներից` կարեւորելով այն հանգամանքը, որ իրենց մտահոգության ու մտավախության ձայնը լսելի եղավ:
Առիթն, իհարկե, փորձեցին օգտագործել մի քանի «խանութպաններ», ովքեր անձամբ իրենք են ապրանք բերում Թուրքիայից. նրանց, անշուշտ, նոր մրցակիցներ հարկավոր չեն: Բայց, ինչպես նշեցին հենց երիտասարդները, դա բնավ չխանգարեց, որ իրենք կարողանան իրենց ասելիքը լսելի դարձնել եւ ծառայեցնել նպատակին: