Քլինթոնը մտադիր է օրինականցնել միասեռ ամուսնությունները
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել է միասեռ ամուսնություններին իր աջակցության մասին: Քլինթոնը եզրակացրել է, որ եթե գեյերը եւ լեսբուհիները քաղաքացիներ են, ապա նրանք պետք է ունենան բոլոր իրավունքները, այդ թվում եւ ամուսնության իրավունքը: Նա ոչ միայն աջակցում է միասեռ ամուսնությունների օրինականացմանը, այլ նաեւ կարծում է, որ այդ հարցը պետք է լուծվի քաղաքական մակարդակով եւ օրենք դառնա:
2009-13-ը ղեկավարելով ԱՄՆ պետդեպարտամենտը` Քլինթոնը բազմիցս հանդես է եկել ի պաշտպանություն գեյերի եւ լեսբուհիների իրավունքների ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում: Սակայն միասեռ ամուսնությունների օրինականցման մասին նա դեռեւս չէր հայտարարել:
Վերջին ժամանակներում ավելի շատ քաղաքական գործիչներ են հայտարարում միասեռ ամուսնություններն օրինականացնելու վերաբերյալ իրենց դրական դիրքորոշումը` ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները:
Պետական մակարդակով միասեռ ամուսնություններն օրինական չեն ԱՄՆ-ում, սակայն 9 նահանգներում դրանք ընդունված են տեղի իշխանությունների կողմից: Դրանք են Այովան, Վերմոնթը, Վաշինգտոնը, Քոնեքթիքուտը, Մասաչուսեթսը, Մենը, Մերիլենդը, Նյու Յորքը, Նյու Հեմփշիրը, ինչպես նաեւ Կոլումբիա ֆեդերալ շրջանը: 2012-ի նոյեմբերին “Gallup”-ի անցկացրած հարցումների համաձայն` ԱՄՆ-ի բնակիչների 53 տոկոսը կողմ է միասեռ եւ ավանդական ամուսնությունների հավասարեցմանը: