Րաֆֆու հավաքին` աշխատանքից հետո եւ ոչ համազգեստով /վիդեո/
Վերջին օրերին մամուլում հրապարակումներ եղան, որ Կապանի “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲ ընկերությունում հերթական գործադուլն է, եւ աշխատողների մի մասն էլ կրճատվել է: Նրանք նաեւ բողոքում են, որ աշխատավարձից բացի` բոնուս հավելավաճար չեն ստացել:
Սակայն ընկերության վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողների հետ հանդիպմանը այդ տեղեկությունները անհիմն համարեց` ավելացնելով, որ աշխատանքից մեկ հոգի է ազատվել, այն էլ հիմնականում գողության պատճառով:
”5 օրվա մեջ 4 գողություն ենք բացահայտել: Բոնուսի խնդիր չկա, թող աշխատեն` ստանան, չգողանան”,-ասաց Ջաբրայանը: Ձեռնարկության աշխատակից Արմեն Խուրշուդյանը ազատվել է 3 պատճառով:
Առաջինը գողությունն էր, իսկ երկրորդը որ պիտի մասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Հրաչ Ջաբրայանը դեմ չէ` հավաքներին մասնակցությանը, սակայն ոչ աշխատանքի ժամին եւ ձեռնարկության համազգեստով:
“55 աշխատողների ներկայությամբ բացահայտորեն հայտարարել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ժողովրդային հավաքին պիտի ներկայանա “Դինո գոլդի” շորերով եւ Րաֆֆիին պիտի բողոքի, որ “Դինո գոլդն” իր բոնուսը չի տվել”,-ասաց Ջաբրայանը: Իսկ երրորդ պատճառը գործադուլ կազմակերպելն էր :
Եկել էր աշխատանքի ու մի 20-30 հոգի աշխատավորներին փորձել էր համոզել, որ չգնան աշխատանքի, բայց նրանք 1-1.5 ժամ հետո մտան հանք, որովհետեւ նրանց հստակ ասվեց, եթե չգնան աշխատանքի` կազատվեն, քանի որ, օրենքը հստակ ասում է, 3 ժամից ավելի չաշխատես` աշխատանքից կազատվես”,-ասաց տնօրենը:
Նրա խոսքով` 10-20 հոգի ուզում են խնդիր ստեղծել: “Նրանք չեն կարող արտահայտել 1200 աշխատողի անունից”,-ասաց Հրաչ Ջաբրայանը:
Ի դեպ, ձեռնարկությունը Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատից հետո երկրորդն է տարածաշրջանում, եւ կապանցիների հիմնական աշխատավայրն է:
Վարչական տնօրենը անդրադարձավ նաեւ ձեռնարկության արտադրական ցուցանիշներին, բնապահպանական խնդիրներին:
Այդ մասին, ինչպես նաեւ հանդիպման այլ մանրամասները` Կապանի “Խուստուփ” հեռուստաընկերության տեսանյութում: