Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունները պահանջագիր են հանձնել Նիդերլանդների խորհրդարանականներին
Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունները ապրիլի 19-ին պահանջագիր են հանձնել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչներին` հանձնաժողովի նախագահ Էյսինկի գլխավորությամբ:
Համագործակցող հայկական կազմակերպությունների պատվիրակությունը, բաղկացած Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի, Հայ Դատի հանձնախմբի, «ԱՅՈ» երիտասարդական կազմակերպության, «Գլաձոր» հայ ուսանողական կազմակերպության ներկայացուցիչներից, գոհունակությամբ են արձանագրել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում և աճող ներգրավվածությունը Հայաստանի հետ:
Հոլանդացի խորհրդարանականներին, որ ներկայացնում էին խորհրդարանում ներկա գրեթե բոլոր կուսակցությունները, փոխանցել են պահանջագրի բովանդակությունը, որով հորդորել են Նիդերլանդների կառավարությանը լիարժեքորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կիրառել Հայոց ցեղասպանության ճանաչման Ռաուֆուտի բանաձևի դրույթները, դատապարտել են թուրք-հոլանդացիների կողմից հայերի հանդեպ խտրականության դրսևորումները և ատելություն սերմանող հայտարարությունները, և կոչ արել պայքարել հոլանդական քաղաքականության ու հասարակության մեջ «Անկարայի երկար ձեռքի» գործունեության դեմ: Արծարծվել են նաև հայերի կողմից Հայոց ցեղասպանության արդյունքում կրած կորուստների փոխհատուցմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը ներկա են գտնվել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Անխելին Էյսինկը, Կեյս ֆան դեր Ստայը` Բարեփոխված քաղաքական կուսակցությունից, Հերի ֆան Բոմըլը` Սոցիալիստական կուսակցությունից, Ռեյմոնդ Կնոպսը` Քրիստոնեադեմոկրատական կոչ կուսակցությունից, Հան տեն Բրուկը`Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունից, Միխել Սերվասը`Աշխատանքի կուսակցությունից, և Սյորդ Սյորդսման`Դեմոկրատներ 66 կուսակցությունից: