Մարկ Զախարովն իր աջակցությունն է հայտնել Լեւոն Հայրապետյանին
ԽՍՀՄ և ՌԴ Ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը դիմել է Մոսկվայի Զամոսկվորեցկու շրջանի դատարանին՝ ի աջակցություն հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին, հայտնում է Sobesednik.ru-ն։
Նա մասնավորապես գրել է․
«Հայտնի լրագրող, գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի հետ ծանոթ եմ մոտ 40 տարի: Այս տարիների ընթացքում Լ. Գ. Հայրապետյանը ինձ զարմացրել է իր բարությամբ, մարդկանց հանդեպ հստակ վերաբերմունքով և իր կազմակերպչական տաղանդով: 1992թ.՝ Ռուսաստանի համար բոլոր առումներով այդ դժվարին ժամանակաշրջանում Լևոն Գուրգենովիչը դարձավ «Սանկտ Պետերբուրգի սպիտակ գիշերները» երաժշտության փառատոնի, որի անմիջական մասնակիցն էի նաև ես, ոչ միայն գլխավոր հովանավորը և կազմակերպիչը, այլև, առանց չափազանցնելու, այդ փառատոնի ոգին:
ՌԴ-ի և մշակույթի գործիչների համար տնտեսական և քաղաքական առումներով դժվարին 90-ական թվականներին Լ.Գ. Հայրապետյանը ՌԴ Գրական ֆոնդի ղեկավարության և Մոսկվայի Գրողների միության վարչության խնդրանքով ստանձնեց «Կրասնովիդովո» կոոպերատիվի ֆինանսավորումը և շինարարությունը: Շինարարության ավարտից հետո բնակարանները շահագործման հանձնվեցին մշակույթի գործիչներին և մտավորականության այլ ներկայացուցիչներին: Նրանցից շատերը մինչև այժմ ապրում են այդ կոոպերատիվում:
Ռուսաստանի համար ֆինանսական առումով դժվարին ժամանակաշրջանում, երբ բացակայում էր թատրոնների և մշակութային այլ օջախների ֆինանսավորումը, Լ.Գ. Հայրապետյանն անշահախնդիր կերպով ֆինանսական օգնություն ցուցաբերեց իմ կողմից ղեկավարվող «Լենկոմ» թատրոնին: Ինձ հայտնի է, որ նա նմանատիպ օգնություն է տրամադրել նաև մոսկովյան այլ թատրոնների, մասնավորապես Մեծ թատրոնին և Երգիծանքի թատրոնին: Նույնիսկ այժմ, գտնվելով, մեղմ ասած, դժվարին իրավիճակում և լինելով ծանր հիվանդ ու տարեց մարդ, Հայրապետյանը շարունակում է հետաքրքրվել մեր թատրոնի կյանքով և պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության դեպքում օգնելու մեզ ուժերի ներածին չափով:
Այդ կապակցությամբ իբրև թե Ի.Վ. Իզմեստևի հանդեպ գործած խարդախության մեջ Լ. Հայրապետյանին մեղադրանք առաջադրելու լուրը բառացիորեն ցնցել է ինձ և արվեստի ու մշակույթի շատ ու շատ գործիչների, որոնք ճանաչում են նրան որպես բացառապես ազնիվ, բարի և անշահախնդիր մեկենասի: Լ. Հայրապետյանի՝ այդ տարիներով փորձված և հաստատված մարդկային որակները, իմ խոր համոզմամբ, բացառում են նրա կողմից մեղսալից արարք գործելը:
Ձեր արդարադատության և մարդասիրության հանդեպ հարգանքով և հույսով՝
ԽՍՀՄ և ՌԴ Ժողովրդական արտիստ, «Հայրենիքի հանդեպ երախտիքի» շքանշանի բոլոր աստիճանների դափնեկիր, Ռուսաստանի Թատերական գործիչների միության քարտուղար, ԽՍՀՄ և ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր, «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար
Մ. Ա. Զախարով»։