Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության բանաձևը
Հայտնի է դարձել Գերմանիայի դաշնային խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկության ամսաթիվը:
Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ քվեարկությունը կկայանա հունիսի 2-ին: Այս մասին հայտարարվել է Գերմանիայի «Քրիստոնեական միություն» կուսակցությունների (CDU/CSU) խորհրդարանական խմբի ղեկավար Միշել Գրոսսե Բրյոմերը:
Նշենք նաև, որ նախապես քվեարկության համար նախատեսված էր եղել սահմանել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ը:
Իսկ Գերմանիայի Կանաչների կուսակցության (Die Grüne) համանախագահ Ջեմ Օզդեմիրը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել.«Մենք կցանկանայինք, որ բանաձևը ավելի վաղ բերվեր դաշնային խորհրդարանի օրակարգ: Սակայն ամսաթվից ավելի կարևոր է այն, որ բոլոր կուսակցությունները նույն լեզվով խոսեն:
Ի վերջո, դաշնային խորհրդարանում հստակ ձևակերպումներ են օգտագործվելու: Այո, այն, ինչին ենթարկվել են հայերը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում , կոչվում է ցեղասպանություն: Ավելին, դրա համար պատասխանատու է նաև Գերմանիան»:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության բանաձևը դաշնային խորհրդարանի օրակարգ էր բերվել փետրվարին: Սակայն կոալիցիայի կուսակցությունները ( «Քրիստոնեական միություն» և «Սոցիալ դեմոկրատական» կուսակցությունները) ցանկություն էին հայտնել հանդես գալու միասնական առաջարկով, ինչից հետո բանաձևի քվեարկությունը հետաձգվել էր:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ ևս մեկ բանաձև բունդեսթագում քննարկության էր դրվել նաև 2015թ. ապրիլին: Սակայն որևէ որոշու չէր կայացվել: Գերմանիայի կառավարությունը խուսափել էր «ցեղասպանություն» եզրույթը օգտագործելուց, մինչդեռ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և դաշնային խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտը տեղի ունեցածը վստահորեն որակեցին որպես ցեղասպանությունը: