25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչի հետեւանք է սթրեսը. վերանայենք մեր փոխհարաբերությունն Աստծո հետ

Նևրոզների սրընթաց աճը 20-21-րդ դարերում ոչ միայն սթրեսների ու գիտատեխնիկական առաջընթացի տեղեկատվական ծանրաբեռնվածության, այլև ամենից առաջ մեղքի տարածման լայնածավալ համամարդկային սահմանների ընդգրկման հետևանք է: Պատմության ընթացքում միշտ էլ եղել են բնական աղետներ, պատերազմներ և տարատեսակ փորձություններ, սակայն հարց է առաջանում, թե ինչու են ներկա ժամանակներում նյարդային խանգարումներն ավելի շատ, քան անցյալ դարերում:

Կարծում ենք` ներկա կյանքի հագեցվածությունը, մասնավորապես տեղեկատվական հասանելիության ու մատչելիության պայմաններում, մարդուն ավելի է հեռացնում հոգևոր կյանքից ու խորացնում ժամանակավոր երևույթների վրա կենտրոնանալու իրողությունը: Մարդու հոգում ենթագիտակցաբար կամ գիտակցաբար կորչում է կյանքի իմաստն ապրելու հարատևության զգացումը, և ապրելու հարատևության անհնարինության ենթագիտակցական զգացումն ինքնին տագնապի, լարվածության և ի վերջո նյարդային խանգարումների է հանգեցնում, այսինքն՝ խնդիրը հոգևոր հիմնարար հավատքի կորստի մեջ է:

Պարզվում է, գլխավոր պատճառը ոչ թե նյարդային սթրեսներն ու անհաջողություններն են, այլ մարդու անձը, մասնավորապես, թե անհատն ինչպիսի ներքին վիճակ է ձևավորել իր հոգու ներսում: Ժամանակակից հետազոտողների մեծ մասն այն կարծիքին է, որ նևրոզը անհատի էությունից բխող հիվանդություն է: Նևրոզը հաճախ առաջանում է անհատական ներքին գործընթացների պատճառով: Մեղքը, իբրև ամենայն չարիք, ստեղծում է նյարդային խանգարումներ: Հասունանալով մարդու հոգու խորքում՝ այն խաթարում է կամքի գործառույթը, ակտիվացնում է մեղսավոր կրքերը, գիտակցության ինքնատիրապետման շրջանակներից դուրս է բերում էմոցիաներն ու պատկերացումները:

Պրոֆեսոր Դ. Մելեխովն ընդգծում է, որ բազմաթիվ հոգեկան խանգարումների հիմքում ընկած է անհաշտությունը, որը բխում է ինքնակենտրոնությունից` սնվելով հպարտության մեղքից: Այս առումով նևրոզը բացառություն չէ: Ընդհանուր առմամբ ընդունված է, որ հիվանդությունը զարգանում է անհատի ներսում կոնֆլիկտի տեսքով, այսինքն, անձը կոնֆլիկտի մեջ է ինքն իր հետ կամ մեկ ուրիշի հետ: Նևրոզի էությունը ցանկությունների և իրականության միջև բախումն է:

Ինչքան հզոր է այդ բախումը, այնքան հիվանդությունը սուր է արտահայտվում: Հավատքը խոնարհություն է, ինչպես ասում են սուրբ հայրերը: Բժիշկ Ավդեևը պատմում է, որ մի կին, ով տառապում էր նևրոզի մի տարատեսակով, շատ անգամ կրկնում էր, թե՝ բժիշկ, հոգնել եմ, ցանկանում եմ առողջանալ ամեն գնով, և չեմ հասկանում, թե ցանկության և իրականության միջև ինչ բախման մասին է խոսքը:

Բժիշկ Ավդեևը պատասխանում է, թե Աստված տեսնում է ձեր տառապանքը և եթե շտապեր փոխել ձեր ներկա վիճակը, ապա արագ կիրականացներ, բայց քանի դեռ չի իրականացնում, Աստծո սուրբ կամքն այլ է ձեր պարագայում, այսինքն՝ չի կամենում ձեզ տեսնել հենց այսպիսի էությամբ, բնավորությամբ, ինչպիսին հիմա եք: Երբ սրբակյաց անձանց հետ է այդպիսի բան պատահում, նրանք շարունակում են գոհություն հայտնել և սրտի ու մտքի լուսավոր խոնարհությամբ ասում, որ ընդունում են Աստծո կամքը:

Իսկ մեր դեպքում ի՞նչ է ստացվում, ասում ենք՝ ուզում եմ բժշկվել ամեն գնով: Ահա, թե որտեղ է բախումը ցանկության և իրականության միջև: Բժշկվելը, անշուշտ, անհրաժեշտ է, բայց շատ կարևոր է հաշտվել մեզ պատուհասած հիվանդությունների հանգամանքների հետ, դրանք արժանիորեն տրված երկնային նախախնամություն համարել և երախտագիտությամբ ընդունել:

Անշուշտ, սովորական, մանավանդ՝ ոչ հոգևոր մարդու համար այս ամենը խորթ ու տարօրինակ է, սակայն հոգևոր մարդու համար ընկալելի է ու տեսանելի այդ ամենի դրական արդյունքը: Հարկ է նշել, որ Աստված չի մոռանում մեզ և մեր ուժերից վեր փորձություն չի տալիս: Պողոս առաքյալն ասում է. «Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել, այլ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. 10:13):

Ամեն դեպքում, պետք է խաղաղվել և չանհանգստանալ` խոնարհությամբ ընդունելով Աստծո կամքը բոլոր իրավիճակներում: Նևրոզն իսկության մեջ հոգևոր հիվանդություն է: Բժիշկ Ավդեևն ասում է՝ խաղաղվեք և հաշտվեք Աստծո հետ, և ամեն ինչ կանցնի: Հոգևոր հաշտությունն ու խաղաղությունը մարդու ներսում մեծ ուրախություն, խոնարհության լույս են բերում, որոնք ջերմացնում են հոգին աստվածային սիրո զորությամբ և քանդում հիվանդության կապանքները, ազատագրում, առողջություն պարգևում: Սբ Սերաֆիմ Սարովսկին ասում էր. «Ամեն գնով պետք է պահպանել հոգու խաղաղությունը»: Իսկ այդ ամենը ներդաշնակ համակարգություն է ստեղծում հոգու և մարմնի միջև: Արդյո՞ք մենք կարողանում ենք պահպանել այդ խաղաղությունը։ Կարծում եմ՝ ինքներս մեզ պետք է անկեղծորեն հարցնենք և վերանայենք մեր փոխհարաբերությունն Աստծո հետ:
Հովհաննես սրկ. Մանուկյան
Նյութը պատրաստվել է ըստ Դ. Ավդեևի «ՈՒղղափառությունը և բժշկությունը» գրքի

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ