17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հաղթեցին մահին …

Հիվանդությունը չի ճանաչում հարուստ ու աղքատ, հայտնի ու անհայտ… Բոլորս էլ մահկանացու ենք, և որևէ մեկն ապահովագրված չէ չարիքի հետ առերես հանդիպումից: Մարդիկ իրարից տարբերվում են միայն պայքարի ուժով և կյանքի հանդեպ սիրով:

Քաղցկեղը դատավճիռ չէ, դատավճիռն ընկճվելն է: ժամանակակից բժշկությունը բուժվելու հնարավորություն տալիս է, սակայն հիվանդությանը հաղթելու համար պետք է ապրելու մեծ ցանկություն ու ապագայի հանդեպ հավատ ունենալ: Մենք անդրադառնում ենք այն հայտնի մարդկանց, ովքեր պայքարել են իրենց առողջության, կյանքի համար և ավելի ուժեղ գտնվել, քանի հիվանդությունը:

 Երգահան Էդգար  Գյանջումյանը շուրջ 7 տարի առաջ հաղթեց արյան քաղցկեղին, ինչից հետո ստեղծեց “Օգնեմ” հիմնադրամը` այդ հիվանդությամբ տառապող երեխաներին աջակցելու համար: Կոմպոզիտորը նշում է, որ հատկապես կյանքի այդ փուլում իրեն օգնել է հավատն առ Աստված, իսկ այն գաղափարներն ու կարգախոսները, որոնցով ինքն առաջնորդվել է հիվանդության հաղթահարման ընթացքում, ամբողջացել են “Հավատա և աղոթիր” երգում:

“Հավատա և աղոթի´ր, ցավ ու վիշտ կվերանա”,- երգում է Էդգարը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ բուժվելուց հետո իր կյանքը վերաիմաստավորվել է, ավելի լիարժեք դարձել. ամուսնացել է և բալիկ ունի:

Էդգարը պատմեց, որ բուժման ընթացքում հոգեբանական ճգնաժամեր ունեցել է, սակայն կյանքում հաճախ են խնդիրներ լինում, որոնք չպետք է ընկճվելու պատճառ դառնան, քանի որ ամեն ինչ հաղթահարելի է. “Երբ մարդն իմանում է, թե իր հետ ինչ է կատարվում, վերանայում է կյանքն ու վերաարժևորում այն:

Շատ կարևոր է հավատալ, որ դու դեռ պետք է ապրես, լույս ու սեր սփռես, սիրես և սիրվես”,- ասաց երգահանը` համոզված, որ հիվանդը պետք է իմանա իր ախտորոշման մասին, որպեսզի գիտակցաբար պայքարի խնդրի դեմ:

Բոլոր այն մարդկանց, ովքեր առողջական խնդիրներ ունեն, կոմպոզիտորը խորհուրդ է տալիս երբեք չկորցնել ապրելու տենչը. “Յուրաքանչյուր մարդ պետք է ստեղծագործելու ցանկություն ունենա և պարտադիր չէ, որ նա արվեստագետ լինի: Ամեն ոք իր ոլորտում ստեղծագործ է և իր մեջ չպետք է մարի արարելու ցանկությունը:

Պետք է ապրել և փոխել այն ամենը, ինչը խանգարում է քեզ, այն, ինչի մեջ սեր չկա. ամեն օրը պետք է իմաստավորվի բարությամբ ու սիրով”,- ասաց երգահանը, ում կողքին կյանքի դժվարին փուլում հարազատներն ու մոտ ընկերներն են եղել, իսկ ապագա կնոջն Էդգար Գյանջումյանն այն ժամանակ դեռ չէր ճանաչում:

Մեկուկես տարի առաջ երգչուհի Նադեժդա Սարգսյանի` քաղցկեղ ունենալու մասին լուրերը շրջանառվում էին ողջ Հայաստանում: Երգչուհու “անբուժելի” հիվանդության մասին խոսակցություններն ամեն քայլափոխի էին:

Նադեժդան ու ամուսինը` Դավիթ Բեջանյանը, ով այն ժամանակ արդեն սրտի հետ կապված խնդիրներ ուներ, նույնիսկ կտակ գրելու մասին էին մտածել… Այդուհանդերձ, երգչուհին որոշեց պայքարել չարիքի դեմ. այսօր արդեն ամեն ինչ անցյալում է:

“Ես գիտակցեցի, որ պետք է առողջ լինեմ, քանի որ ունեմ երեխա, ում համար պիտի ապրեմ”,- ասաց նա և նշեց, որ մինչ իր առողջական խնդիրներ ունենալը սխալ էր համարում, երբ հիվանդին ասում էին ախտորոշման մասին, հիմա` ճիշտ հակառակը, քանի որ մարդը պետք է գիտակցի, թե ինչի դեմ է պայքարում:

Դժվարությունները հաղթահարել Նադեժդա Սարգսյանին օգնել է հավատն Աստծո հանդեպ. ՙԵս հավատում էի, որ ինձ մոտ ոչինչ չկա և չի կարող լինել, ես ավելի ուժեղ եմ, քան հիվանդությունը՚: Բուժումը սկսելուց առաջ երգչուհուն իր խորհուրդներով օգնել է Սամվել Գրիգորյանը, ով ևս անցել է այդ ճանապարհով.

“Ճիշտ է նախօրոք իմանալ, թե ինչ է քեզ սպասվում: Ես պատրաստ էի դիմակայել դժվարություններին և, փաստորեն, ավելի հեշտ հաղթահարեցի ամեն ինչ”: Նադեժդա Սարգսյանին շատ է օգնել հարազատների` դստեր` Էմմիի, քույրերի ու ընկերների վերաբերմունքը. “Բոլորն ինձ ժպիտով և հավատով ճանապարհեցին բուժվելու, թեև հասկանում էին, որ հնարավոր է վերադարձ չլինի…”:

Երգչուհու կյանքում դժվարին փուլը հաղթահարելուց հետո շատ արժեքներ են փոխվել. ավելի է ամրացել հավատը, և ավելացել են առաքելությունները, նոր ծրագրեր և շատ անելիքներ ունի, իսկ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ տվեց պայքարել:

“Ես նույն հասարակ մահկանացուն եմ, ուղղակի երգչուհի լինելու պատճառով ավելի ճանաչված եմ: Ուրախ կլինեմ, եթե մարդիկ օրինակ վերցնեն և իրենք էլ լավատեսորեն տրամադրվեն: Պետք է մեծ հավատ և ապրելու ցանկություն ունենալ”,- ասաց նա ու պատրաստակամություն հայտնեց իր խորհուրդներով օգնել բոլոր նրանց, ովքեր դրանց կարիքն ունեն:

Երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ չարորակ ուռուցք ունենալու լուրն իր համար սթրեսային էր, ինչի պատճառով ծանր հոգեվիճակ ապրեց: “Մեզ մոտ հիվանդության ընկալումն այլ է. մարդիկ բավականաչափ տեղեկացված չեն դրա մասին, և շատերը չգիտեն, որ հնարավոր է պայքարել չարորակ ուռուցքի դեմ:

Ախտորոշմանն անմիջապես հետևում է վախն ու սարսափը”,- ասաց երգիչն ու հավելեց, որ սկզբում իր սթրեսն էլ էր պայմանավորված տեղեկատվության պակասով, սակայն ինքը կարողացավ հավաքել իրեն ու պայքարի ուղիներ փնտրել:

Նա բուժման կուրսն անցել է Գերմանիայում, քանի որ գիտի` բժշկական ոլորտի լավագույն մասնագետներն այնտեղ են: Նա ցավով նշեց, որ բուժվելու համար կարևոր է նաև ֆինանսական կողմը. ոչ բոլորը կարող են հոգալ բուժման ծախսերն արտերկրում…

Երգչի կարծիքով` հիվանդության մասին ճշմարտությունը պետք է իմանան նրանք, ովքեր կարող են հաղթահարել հոգեբանական խնդիրները. “Մարդու առաջին օգնականը հենց ինքն է, սակայն եթե նա շուտ է խուճապի մատնվում, լավ կլինի չիմանա ախտորոշման մասին”:

Սամվել Գրիգորյանին հիվանդությունը հաղթահարել օգնել է Աստծո և ապագայի նկատմամբ հավատը. “Ես համոզված էի, որ ինձ հետ ոչինչ չի լինելու,- ասաց նա,- հիմա կյանքն ավելի շատ եմ սիրում ու գնահատում: Կարծում եմ` սա այն դեպքն է, երբ կարելի է ասել` վերածնվեցի” :

Երգչի կողքին դժվարին պահերին եղել են հարազատներն ու հայտնի ընկերները` Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Սյուզան Մարգարյանը և երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանը:

Նյութը` “Ես.ամ”-ի

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ