23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանն ընտրել է ժողովրդավարությունը, այլ ոչ թե քսենոֆոբիայի ճահիճը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է մարդու իրավունքների հարգման տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը եւ կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին նվիրված ԱՊՀ ՄԽՎ համաժողովին եւ հանդես եկել ելույթով:

Ստորեւ ներկայացնում ենք այն.

“Հարգարժան գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

Այսօրվա համաժողովին քննարկվող հարցը շատ ակտուալ է ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների համար: Չնայած ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ ինտենսիվ պայքարին՝ ցավով պետք է նշեմ, որ ԱՊՀ տարածքում կան երկրներ, որտեղ խրախուսվում են ռասիզմի երեւույթները:

Այսօր Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն առավել հաճախակի բնույթ է կրում, մինչդեռ Հայաստանն իր հասարակությանը պատրաստում է խաղաղության:

Այստեղ հարկ է մեջբերել Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը.

“Մենք չպետք է պղտորենք մարդկանց միտքն ու հոգին հակամարդկային գաղափարներով ու այլամերժությամբ եւ չպետք է զոմբիացնենք երիտասարդներին: Հայաստանում մեծացող երեխաների բարոյական ու հոգեւոր պատշաճ նկարագիրն ինձ համար չափազանց թանկ արժե”:

Ի հակադրումն այս տեսակետի՝ այս տարվա գարնանն Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով կառավարության նիստին, հայտարարեց. “Մեր հիմնական թշնամին աշխարհասփյուռ հայությունն է”:

Տիկնայք եւ պարոնայք,

Նման ռասիստական եւ հակամարդկային հայտարարություններն իրենց արտացոլումն են գտնում ԶԼՄ-ներում եւ համացանցում: Նաեւ կցանկանայի նշել, որ հեռուստատեսությունն ու համացանցը հեղեղված են հակահայկական քարոզչությամբ:

Հարգարժան գործընկերներ,

2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի համատեղ ուսուցման ծրագրի շրջանակում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Դատարանը մարդասպանին ցմահ ազատազրկման ենթարկեց՝ առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի: Ուշագրավ է, որ դեռ դատի ժամանակ ոճրագործի փաստաբանը հայտարարեց, թե “հայի սպանությունն Ադրբեջանում հանցագործություն չի համարվում”:

Հարգելի ընկերներ,

Արդյո՞ք կարող է լինել ռասիզմի եւ քսենոֆոբիայի առավել ցայտուն օրինակ: Իհարկե՝ ոչ:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, գործարքի մեջ մտնելով Հունգարիայի կառավարության հետ, մարդասպանին տուն վերադարձրեց եւ ներում շնորհեց: Քնած հայ սպային կացնահարածին ներում շնորհելը քսենոֆոբիայի ամենացայտուն օրինակն է:

Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ եւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել են, որ Սաֆարովին ներում շնորհելը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ նպաստում տարածաշրջանում ապակայունության եւ լարվածության աճին:

Տիկնայք եւ պարոնայք,

Ավարտելով ելույթս՝ ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել, որ Հայաստանը, ինչպես եւ ԱՊՀ մի շարք անդամ երկրներ, ընտրել է ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը, այլ ոչ թե քսենոֆոբիայի ճահիճը”:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ