Կիպրոսը կոչ է արել Թուրքիային զերծ մնալ ԼՂ հակամարտության գոտում ապակայունացնող քայլերից
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին` Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծում հրադադարի խախտումներին: Հայտարարության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:
«Կիպրոսի կառավարությունն ընդգծում է խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների կարևոր դերը: Միաժամանակ կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որոնք կարող են հետագայում ապակայունացնել իրավիճակը»,- նշվում է հայտարարության մեջ:
Կիպրոսի կառավարությունը նաև դատապարտել է ուժի կիրառումը, որը հանգեցրել է մարդկային կյանքերի, մասնավորապես քաղաքացիական անձանց կորուստների: «Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել ստատուս քվոն»,- ասվում է հայտարարության մեջ: