Երգը Գոռի սրտով է, Այոմին էլ կօգնի
”Դորիանս” խմբի մենեջեր Արա Թադևոսյանը կարծում է, որ ”Lonely Planet” երգը կարող է հաթանակ բերել Հայաստանին: ”Կարծում եմ, որ այս երգով իրոք կարող ենք լավ ներկայանալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինս մեզ պատմեց, որ հենց ինքն է դիմել “Black Sabbath” անգլիական լեգենդար ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմիին երգի դեմոն պատրաստելու համար: ”Քանի որ առաջին անգամ է Հայաստանը ”Եվրատեսիլին” ռոք խմբով ներկայանալու, այս անգամ շատ կարևոր է երգի ընտրությունը:
Ի ուրախություն մեզ` Թոնի Այոմին համաձայնեց, տղաները պատրաստեցին ու գրվեց բառերը”,-ասաց Արա Թադևոսյանը: Նա նշեց, որ ընտրված բոլոր չորս երգերի վրա էլ խումբը ջանասիրաբար աշխատել է:
”Այն երգը, որ խնդրել էինք Թոնի Այոմիին, մարդկանց կողմից սիրվեց ու ընտրվեց: Երգը հոգեհարազատ է և խմբին, և Գոռին”,-պատմեց խմբի մենեջերը: Նա մեզ ասաց, որ եթերում հնչած երգը վերջնական տարբերակը չէ:
”Եվրատեսիլի” կանոնները թույլ են տալիս որոշակի շտկումներ անել: Այս շաբաթվա ընթացքում այդ գործընթացն արվելու է և Թոնի Այոմին ևս մասնակցություն է ունենալու: Այնպես որ կարող եմ վստահեցնել, որ այն տարբերակը, որ ներկայացվելու է ”Եվրատեսիլին”, շատ ավելի տպավորիչ կլինի, քան այն տարբերակը, որ եթերում էր”,-խոստացավ Արա Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է շոուին. քանի որ երգը երկու օր առաջ է ընտրվել, վաղվանից կսկսեն աշխատել բեմադրության, ինչպես նաև տեսահոլովակի վրա, որը “Հանրային” հեռուստաընկերությունը մինչև մարտի 25-ը պետք է հանձնի ”Եվրատեսիլին”:
Հիշեցնենք, ”Եվրատեսիլ 2013”-ում Հայաստանը ներկայացնելու է ”Դորիանսը” եւ նրա մենակատար Գոռ Սուջյանը: Մրցույթը կկայանա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմո քաղաքում: Նախօրեին “Հանրային” հեռուստաընկերության և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում որոշվեց, որ Գոռ Սուջյանը մրցույթում կներկայացնի ”Lonely Planet” երգը: