14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փարիզ, Բրյուսել…, հաջորդը՞. խուճապահար Եվրոպա

Մարտի 27-ին Բրյուսելում կանցկացվի «Երթ ընդդեմ վախի» զանգվածային ակցիան, իսկ օրեր առաջ միջազգային մամուլը եվրոպական մայրաքաղաքների կոնկրետ անուններ էր նշում, այդ թվում`Վիեննա, որտեղ հնարավոր են նոր ահաբեկչություններ: Henaran.am-ը կապ հաստատեց  Ավստրիայում բնակվող մեր հայրենակից  Ս. Գ.-ի հետ (անունը նրա խնդրանքով չենք հրապարակում)` ճշտելու համար, թե ի՞նչ վիճակ է տիրում այդ երկրում բրուսելյան դեպքերից հետո:

«Եվրոպական մայրաքաղաքներում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները ստեղծում են սարսափի մթնոլորտ, եւ խաղաղ բնակչության առօրյա քննարկման թեմաները, ինչպես նաեւ ԶԼՄ-ների անդրադարձներն են, թե ահաբեկչական գործողություններ կունենան շարունակական բնույթ ԵՄ-ի բռնած քաղաքականության պատճառով»,- մեզ հետ զրույցում ասաց Վիեննայում ապրող մեր հայրենակիցը՝ հավելելով, որ, համենայն դեպս, այսօր եվրոպական մամուլը մեղադրում է Միջին Արեւելքից ԵՄ ժամանած փախստականներին:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ԵՄ սահմանները հատեցին հազարավոր փախստականներ` ոչ միայն Սիրիայից, այլեւ այլ երկրներից, որոնց տարածքներում այսօր գործում են ահաբեկչական խմբավորումներ: Այդ ամենից ելնելով` ահաբեկչությունը լայն թափ առավ Եվրոպայում. նախ` նախորդ տարվա վերջում Փարիզի ահաբեկչությունը, իսկ դրանից մի քանի ամիս անց` բրուսելյանը, իսկ թե ո՞րը կլինի հաջորդը, կանխատեսողները դեռ լռում են:

Ըստ մեր զրուցակցի բնակչությունն ահաբեկված է, օրինակ` եթե  փողոցում, երկաթուղային եւ մետրոպոլիտենի կառամատույցներում նկատում են ճամպրուկներ կամ պայուսակներ, որոնք տերերը թողել եւ մի պահ հեռացել են, անմիջապես կանչում են ոստիկանին, որ պարզեն դրա պարունակությունը:

Հարցին, թե այսօր ԵՄ երկրներում ապրում են մեծ թվով անօրինական հայ միգրանտներ, արդյո՞ք յուրաքանչյուր նման ահաբեկչական գործողությունից  հետո նրանց էլ կարող են արտաքսել, Ս. Գ.-ն պատասխանեց. «Բազմաթիվ հայ ընտանիքներ կան, որ  տարիներով առանց փաստաթղթերի են բնակվում Ավստրիայում, նրանցից շատերին, որոնց ես եմ ճանաչում, արդեն հետ են ուղարկել Հայաստան, բայց չեմ կարող ասել, թե ինչն է եղել նրանց արտաքսման պատճառը: Չի բացառվում, որ նման դեպքերից հետո իշխանությունները սկսեն «մաքրման» գործընթաց, ինչպես ասում են` թացը չորի հետ խառնվի»:

Վերջում մեր զրուցակիցը նշեց, որ Ավստրիայի հասարակությունը վստահում է տեղի իշխանություններին եւ չի կարծում, որ Վիեննան ահաբեկչության թիրախ կընտրվի: «Իրականում ակնհայտ է, որ Ավստրիայի ոստիկանությունն աշխատում է շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ եւ յուրաքանչյուր ահազանգի արձագանքում շատ արագ, ինչը չեմ կարող ասել ԵՄ մյուս մայրաքաղաքների մասին: Ոստիկանն այստեղ բնակչության բարեկամն է, կա մեծ հարգանք միմիանց հանդեպ եւ վստահություն: Ներքին վստահություն կա, որ տեղի իշխանությունները շատ արագ կհայտնաբերեն եւ կչեզոքացնեն ահաբեկիչներին»,- ասաց  նա:

Գ. Ն.

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ