Առաջիկա գիշերը նույնպես կանխատեսվում են ցրտահարություններ. ԳՆ
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ: Ս.թ. մարտի 20-ին լեռնային գոտում և նախալեռնային տարածաշրջաններում դիտվել են ձյան տեսքով տեղումներ` որոշ հատվածներում առատ, իսկ ցածրադիր գոտում` հիմնականում անձրևի տեսքով:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով` Արմավիրում օդում արձանագրվել է -4, Արտաշատում` -2, Արարատում` 0-ին մոտ, Արենիում` -2, Բագրատաշենում` -2, իսկ հողի մակերևույթին` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ: Արմավիրի մարզի Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում, Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում ցածր ջերմաստիճանի հետևանքով ավելի արտահայտված վնասվել են ծիրանենու թաց ծաղիկերն ու նոր բացվող բողբոջները: Արարատի տարածաշրջանում առանձնապես լուրջ վնասներ չեն գրանցվել` բացառությամբ մի քանի համայնքների: Մեղրու տարածաշրջանը չի տուժել, թույլ վնասներ կան Տավուշի և Լոռու մարզերում: Վայոց ձորի մարզում հիմնականում տուժել է Արենի գյուղը, մասամբ` Ռինդը և մի քանի համայնքներ:
Կոտայքի, Արագածոտնի մարզերի համայնքներում ծիրանենին դեռևս հիմնականում գտնվում է բողբոջի փուլում:
Այս պահին դեռևս դժվար է վնասների վերաբերյալ ամբողջական ու ճշգրիտ տեղեկություններ ներկայացնել: Առաջիկա գիշերվա ընթացքում նույնպես կանխատեսվում են ցրտահարություններ, այնուհետև` ջերմաստիճանի զգալի բարձրացում:
Ցրտահարությունից տուժած ծիրանենու այգիներում ներկայումս մասնագետների կողմից իրականացվում են ուսումնասիրություններ ու դիտարկումներ: Արդյունքների վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում նախարարությունը կներկայացնի համապատասխան տեղեկատվություն: