Վարորդը վերադարձրել է 900 հազար դոլարը
Սինգապուրցի տաքսու վարորդը իր ուղեւորներին` ամուսնական զույգին Թայլանդից, վերադարձրել է նրանց մոռացած գումարը: Պայուսակում, որը մնացել է տաքսու մեջ, գրեթե 900 հազար դոլար է եղել:
Առեւտրի սրահի մոտ զույգին իջեցնելուց հետո է միայն վարորդը նկատել պայուսակը, բացել է այն եւ հայտնաբերել գումարը: Ազնիվ վարորդը պայուսակը տարել է տաքսու գրասենյակ:
Որոշ ժամանակ անց տաքսու գրասենյակ են շտապել շփոթահար զբոսաշրջիկները եւ հայտարարել, որ փողերով պայուսակ են թողել տաքսու մեջ: Նրանք մեծ զարմանք են ապրել` հայտնաբերելով, որ իրենց փողերն ամբողջությամբ տեղում են` մինչեւ վերջին ցենտը: Ամուսինները դրամական պարգեւ են տվել ազնիվ վարորդին:
Սա ամենամեծ գումարն է եղել, որ երբեւէ մոռացել են տեղի տաքսիների մեջ: 2009-ին նմանատիպ դեպք էր տեղի ունեցել` ուղեւորը 5 կգ ոսկի էր թողել տաքսու մեջ: Վարորդն այն կրկին ամբողջությամբ ետ էր վերադարձրել: