“FEMEN”-ի մերկ ակտիվիստուհիներին չի հաջողվել զարմացնել Բերլուսկոնիին /վիդեո/
Ոստիկանությունն ազատ է արձակել “FEMEN” շարժման 4 ակտիվիստներին: Նախօրեին նրանք Միլանի ընտրատեղամասերից մեկում փորձել են մոտենալ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին: Նրանց մեջքին “Basta Berlusconi”` “բավական է, Բերլուսկոնի” բառերն են գրված եղել, հաղորդում է “Вести”-ն: Բերլուսկոնին ժամանել էր ընտրատեղամաս` մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Իր կուսակցության հաղթանակի դեպքում նա հույս ունի կրկին զբաղեցնել վարչապետի պաշտոնը:
Բերլուսկոնիի դատական գործերով զբաղվող քննիչները կարծում են, որ ակցիան դժվար թե վախեցրած լինի սկանդալային համբավ ունեցող նախկին վարչապետին, քանի որ իր վիլլայում նա ավելի “թեժ” տեսարանների է ականատես եղել, սակայն քվեաթերթիկը արկղի մեջ նետելու հանդիսավոր պահը խաթարել հաջողվել է:
Փետրվարի 24-25-ին Իտալիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում: Նախնական արդյունքները պարզ կլինեն արդեն այսօր երկոյան: Քվեարկության առաջին օրն ընտրություններին մասնակցությունը 54 տոկոս է կազմել: Խորհրդարանում մեծամասնություն, ինչպես նաեւ վարչապետի պաշտոնն ստանալու համար պայքարում են Սիլվիո Բերլուսկոնիի “Ազատության ժողովուրդը”, Պիեռ Լուիջի Բերսանիի “Դեմոկրատական կուսակցությունը” եւ ցենտրիստները` Մարիո Մոնտիի գլխավորությամբ: