Հայերը պետք է բոլոր միջոցներով պայքարեն իրենց հողերը վերադարձնելու համար․ Ժիրինովսկի
Ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել lenta.ru-ին, որում անդրադարձել է նաեւ հայերի՝ պատմական հողերը վերադարձնելու հարցին։
Ժիրինովսկին ասել է, որ հանուն իրենց հողերը վերադարձնելու՝ հայերը պետք է օգտագործեն դիվանագիտական, քաղաքական, տնտեսական եւ բոլոր հնարավոր այլ միջոցները։
«Թող հայերը որոշեն, թե ինչպես։ Ինչպես են քրդերը պայքարում իրենց պետության ստեղծման համար՝ զենքով»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, Ժիրինովսկին ասել է, որ այո, կարող է։
«Իհարկե կարող է եւ՛ Հայաստանին աջակցել, եւ՛ քրդերին, ե՛ւ հույներին, եւ՛ բուլղարներին ե՛ւ սիրիացիներին։ Նրանք բոլորն ատում են Թուրքիային։ Թուրքիան շրջապատված է հակառակորդներով։ Թուրքիայի վերջը եկել է։ Դա տեղի կունենա 5 տարի հետո, թե 10, միեւնույնն է, Թուրքիան կազմալուծվելու է»,- ասել է նա։