29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երևանում կարելի՞ է կառուցել բազմահարկ շինություններ. պարզաբանում է ճարտարապետը

Երևանում օրեցօր ավելանում են բազմահարկ շենքերը: Տեսնելով դրանք՝ շատերի մոտ կարծիք է առաջանում, թե դրանք սեյսմակայուն չեն, չէ՞ որ ժամանակին ոլորտի կայացած մասնագետները նշում էին, որ մեր երկրի սեյսմիկ նկարագիրը թույլ չի տալիս մայրաքաղաքում բազմահարկ շենքներ կառուցել: Բայց սա միայն մեդալի մի կողմն է, չէ՞ որ այն ժամանակ, երբ ճարտարապետները նման պնդումներ էին անում, դեռևս չկային սեյսմակայունությունն ապահովող այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք կան այսօր:

Անդրադառնալով այս թեմային՝ «Մեգամետր» ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ Արթուր Հայրապետյանը Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց. «Ժամանակին փորձառու և լավ մասնագետները պնդել են, թե Երևանում 5-6 հարկից ավելի հարկայնությամբ շենքեր կառուցելը սխալ է: Սակայն ժամանակները փոխվել են, ու այսօր տեխնոլոգիական զարգացումները թույլ են տալիս կառուցել բազմահարկ շենքներ, որոնք անկախ հարկերի քանակից՝ սեյսմակայուն են:

Եթե համապատասխան մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ շենքը սեյսմակայուն է, ուրեմն անհանգստանալու կարիք չկա: Այս առումով հիանալի օրինակ է Ճապոնիան. այդ երկրում աշխարհի ամենաերկար կախովի կամուրջն է կառուցված, կան բազում երկնաքերեր ու այնտեղ հաճախ են երկրաշարժեր  գրանցվում: Այնպես որ՝ եթե բազմահարկ շինությունը կառուցվում է սեյսմակայունությունն ապահովող տեխնոլոգիաների կիրառմամբ՝ այն լինում է անվտանգ ու սեյսմակայուն»:

Ճարտարապետը նշեց, որ անկախ վերը նշված դիտարկումներից՝ բազմահարկ շենք կառուցելիս հարկ է հաշվի առնել, թե այն որտեղ է կառուցվում, դրա հարևանությամբ ինչ շինություններ կան, չէ՞ որ միևնույն տարածքում գտնվող կամ միմյանց հարող շինությունները պետք է լինեն ներդաշնակ:

Խոսելով սեյսմականունությունն ապահովող ժամանակակից տեխնոլոգիաների մասին՝ Արթուր Հայրապետյանը նշեց. «Շենքերի սեյսմակայունությունն ապահովելու համար ներկայումս  կիրառվում են հատուկ համակարգեր` տատանումների դինամիկական մարիչներ, միացնող և անջատող կապեր, տատանման մարումը բարձրացնող կառուցվածքներ, սեյսմամեկուսիչ ռետինամետաղյա շերտավոր բարձիկներ… Հիմնական մեթոդները սրանք են»:

Մասնագետի խոսքով՝ մեր երկրում սեյսմակայունությունն ապահովելու համար առավելապես կիրառվում են սեյսմամեկուսիչ ռետինամետաղյա շերտավոր բարձիկները: «Ռետինամետաղյա շերտավոր բարձիկների կիրառման դեպքում կառույցի ծանրությունը փոխանցվում է բարձիկներին, որոնք իրենց հերթին այն փոխանցում են հիմքերին: Սեյսմիկ ցնցումների ժամանակ բարձիկները ցնցումներն, այսպես ասած, մեկուսացնում են ու իրենց վրա վերցնում ալիքների մեծ մասը: Սեյսմակայունությունն ապահովող այս մեթոդը բավականին էֆեկտիվ է: Միակ խնդիրն այն է, որ այդ բարձիկները օգտագործման որոշակի ժամկետ ունեն: Երբ ժամկետը լրանում է, շենքը բարձրացվում է հատուկ սարքերի միջոցով և բարձիկները փոխարինվում են նորերով», – պարզաբանեց Արթուր Հայրապետյանը

Ճարտարապետն ընդգծեց, որ թեև մեր երկրում սեյսմակայունությունն ապահովող համակարգերից ամենատարածվածը ռետինամետաղյա բարձիկներն են, այդուհանդերձ, մյուս համակարգերը ևս կիրառվում են՝ կախված այն հանգամանքից, թե խնդիրն ինչ բարդության է, շինությունն ինչ ժամկետներում պետք է կառուցվի և ինչպիսի ֆինանսական միջոցներ են տրամադրվել այդ հարցի լուծման համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ