Այլ մշակույթով ընդդիմադիրն ու սեփական ուժը չցուցադրող նախագահը. Առավոտ
1996-ից սկսած` նախագահական ընտրությունների արդյունքները Հայաստանում կեղծվել են: Այս վերջինը` նույնպես: Պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած բոլոր թեկնածուները /բացի 1998-ին Կարեն Դեմիրճյանից/ հայտարարել են, որ ընտրություններով հաղթել են հենց իրենք` հավաքելով 60, 70 կամ 80 տոկոս` չնայած այդ պնդումները ստուգելու ոչ մի հնարավորություն չկա, որովհետեւ այն քվեաթերթիկները, որոնք հայտնվել են քվեատուփերում ընտրակաշառքների եւ կրկնակի քվեարկությունների արդյունքում, չեն արտացոլում իրական պատկերը: 1996-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմնակիցները վանկարկում էին` “Վազգեն, նախագահ”, 2003-ին` ”Դեմիրճյան “, 2008-ին` “Լեւոն, նախագահ”, հիմա` “Րաֆֆի, նախագահ”:
Առաջին երեք դեպքերում պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուների` Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կազմակերպել էին բազմամարդ հանրահավաքներ, սակայն իրենց վերջնական նպատակին չէին հասել` իշխանափոխություն տեղի չէր ունեցել:
Այժմ չորրորդ փորձն իրականացնում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որն ընտրել է իր ոճը եւ իր մարտավարությունը: Նրանք, ովքեր նախորդ անգամները փորձել են ու հաջողության չեն հասել, կարող են, իհարկե, գնահատականներ եւ խորհուրդներ տալ, բայց չեն կարող, ինձ թվում է, ծաղրել եւ նսեմացնել այն մեթոդները, որոնք ընտրել է այս քաղաքական գործիչը: Եթե, ենթադրենք, Ազգային ժողովի ցանկապատը եւ խորհրդարանի ղեկավարների գլուխները ջարդելը չի հանգեցրել ժողովրդավարության եւ օրինականության հաստատմանը, ապա Վազգեն Մանուկյանը կամ Արշակ Սադոյանը, ըստ երեւույթին, չպիտի Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տան նույնպես ինչ-որ բան ջարղել:
Այո, ընդդիմության ներկայիս առաջնորդը բոլորովին այլ մշակույթի կրող է, նա հարգանքով է խոսում գործող նախագահի մասին, նա ներողություն է խնդրում ոստիկանից, որի հետ վեճի էր բռնվել, նա հանդիպում է նախագահի հետ եւ հարցնում է վերջինիս կնոջ որպիսությունը: Անձամբ ինձ այդ` Հայաստանի համար ոչ ստանդարտ ոճը դուր է գալիս, այն ինձ թվում է ավելի պետականամետ եւ քաղաքակիրթ:
Եթե չի ապացուցվել, որ ջարդել-փշրելը, հայհոյելը, պիտակավորելը, ամեն թփի տակ “դավաճաններ” եւ “ծախվածներ” ման գալը ավելի արդյունավետ է “սահմանադրական կարգը հաստատելու” տեսանկյունից, ուրեմն նախագահի ընդդիմադիր թեկնածուից դա պահանջելը այնքան էլ տրամաբանական չէ:
Իհարկե, տարբերվում է նաեւ գործող նախագահի վարքը: Նա չի տառապում Ֆրեյդիստական բարդույթներով, որոնք կստիպեին իրեն ամեն մի առիթով ցուցադրել սեփական ուժը, նա չունի այնպիսի պաշտպանության նախարար, որը որոշում է պետության եւ ընտրությունների ճակատագիրը:
Թե ինչպես է հանգուցալուծվելու հետընտրական այս լարվածությունը` ես չգիտեմ, ու դա, ճիշտն ասած, ինձ համար ամենակարեւոր հարցը չէ: Շատ ավելի էական է, որ այս պահին շանս կա, որ այդ հանգուցալուծումը կլինի առանց բռնությունների, ռեպրեսիաների եւ հասարակության երկփեղկվածության: