Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Հայաստանի բարեկամներին հորդորում է աջակցել հայամետ բանաձևերի ընդունմանը Կոնգրեսում
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորում է Միացյալ Նահանգներում Հայաստանի բարեկամներին մարտի 14-ին զանգահարել կոնգրեսական իրենց ներկայացուցիչներին և հորդորել աջակցել հայամետ մի շարք բանաձևերի: Այդ մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը:
«Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի՝ մարտի 14-ին ազգային զանգ կատարելու օրվան մասնակցելը դյուրին և արագ ճանապարհ է՝ աջակցելու հայամետ խնդիրներին: Դա միաժամանակ հիանալի հնարավորություն է Ձեր տանից, գրասենյակից, մեքենայից աջակցելու մեր իրավաբաններին, ովքեր մեկնում են Վաշինգտոն երկօրյա խորհրդատվության նպատակով»,- ընդգծել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:
Հայաստանի բարեկամները մասնավորապես պետք է ԱՄՆ կոնգրեսականներից խնդրեն աջակցել Ռոյս-Շերման նամակին, որով նախագահ Բարաք Օբամային կոչ է արվում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ընդունելու ԼՂ հարցով կոնգրեսականների նախաձեռնությունը, որը կարող է հարյուրավոր կյանքեր փրկել: Մյուսը Դոլդ-Փալոնե նամակն է, որը հորդորում է արտաքին օգնության օրենքում ավելացնել Արցախին տրամադրվող օգնությունը, ինչպես նաև աջակցել Հայաստանին՝ հովանավորելով սիրիահայ փախստականներին :