Հայկական գինու համտես՝ Բեռլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 13 զբոսաշրջային ընկերություններ մարտի 9-13-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցում են ՛՛ITB’2016՛՛ զբոսաշրջային ամենամյա միջազգային ցուցահանդեսին: ՛՛ITB’2016՛՛-ը 50-րդն է իր պատմության ընթացքում և հոբելյանական ցուցահանդեսին շուրջ 10 000 մասնակիցներ է հավաքել 5 մայրցամաքի 185 երկրներից: Կազմակերպիչներն այս տարի մասնավոր հատվածից մոտ 200 000 այցելուների են սպասում, որոնց շարքում նաև՝ խոշոր գնորդների:
Հայկական ընկերությունները՝ «Արքայադուստր Մանե», «Էլիտար», «Վիվա Տուր», «Նուեվա Վիստա», «Լևոն Թրավել Երևան», «Սակվոյաժ Թրավել Գրուպ», «Ջեոգրաֆիկ Թրավել Քլաբ», «Ինտուր», «Սաբերատուր-Սևան», «Արմենիա Թրավել + Մ», «Գերմինպեքս», «Արմինիուս» և «Նատուրա Տուր», ցուցահանդեսին կներկայացնեն մեր երկրի զբոսաշրջային բազմազան ուղղություններ և հարաբերական առավելությունները: Այսօր ցուցահանդեսի բացման օրը կազմակերպվել է հայկական «ԱրմԱս» գինու համտես:
«Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են նաև փորձագետների դասախոսություններ, շնորհանդեսներ, ընդունելություններ, քննարկումներ, որոնք նույնպես, կարծում եմ, կարող են օգտակար լինել հայկական զբոսաշրջային ընկերությունների համար: Նրանք կարող են ծանոթանալ և հետագայում իրենց գործում կիրառել ոլորտի նորարարությունները, նոր գործարար կապեր ստեղծել, իսկ հետո նաև զբոսաշրջային նոր գրավիչ ուղղություններ կազմել դեպի Հայաստան»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: