Կենտուկի նահանգում հակահայկական բանաձևը չի ընդունվել
ԱՄՆ Կենտուկի նահանգի սենատը երեկ չի ընդունել այսպես կոչված «Խոջալուի ողբերգության» 24-րդ տարելիցը ոգեկոչող թիվ 168 բանաձևը, որը խեղաթյուրված էր ներկայացնում Արցախյան հակամարտության վերաբերյալ փաստերը: Բանաձևը չի ընդունվել Հայ դատի հանձնախմբի արևելյան շրջանի ներկայացուցիչների կողմից նախաձեռնվող ապատեղեկատվության վերաբերյալ նահանգում ահազանգելուց հետո, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը։
«Կենտուկիում ձեռք բերված մեր փորձը կրկին ապացուցեց, որ ժողովրդավարությունը գործում է, և նահանգի օրենսդիր մարմնի անդամները չեն հանդուժի դիկտատոր Իլհամ Ալիևի շահերին ծառայող խեղաթյուրման կամ միջամտության որևէ փորձ: Ալիևը շարունակում է Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված ագրեսիան՝ դրանով վտանգի ենթարկելով տարածաշրջանի փխրուն խաղաղությունը»,- նշել է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը:
Սենատոր Դայմոն Թայերի կողմից բանաձևը Կենտուկիի սենատ էր ներկայացվել մարտի 1-ին: Բանաձևի մասին տեղեկանալով՝ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն իսկույն տեղեկատվական արշավ էին նախաձեռնել՝ կոչ անելով սենատի նախագահին ու մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարներին հրաժարվել փաստերը խեղաթյուրող վտանգավոր բանաձևն ընդունելուց: Արդյունքում նահանգի սենատը պաշտոնապես դադարեցրել է բանաձևի ընդունման գործընթացը: