Բաղնիք-զուգարանները բնակարան դարձրած ուզում են պետությունից պոկեն
Սիսակյան 3 չարչրկված հասցեի շուրջ շարունակվում են բորբոքվել կրքերը: Շենքը դեռ 2007 թվականին ճանաչվել էր վթարային և ներառվել Երևանի քաղաքապետարանի վերաբնակեցման ծրագրում: Բոլորովին վերջերս 4-րդ կարգի վթարային այս շենքի 80 բնակիչներ ստացել էին նոր բնակարաններ: Թվում էր, պետք է գոհ լինեին հանրակացարանի թե բնակիչները և թե քաղաքային իշխանությունները, սակայն շենքի 6 բնակիչ հրաժարվում են ստանալ իրենց հասանելիք բնակարանները և պնդում են, որ ոչ թե մեկ, այլ երկու բնակարան պետք է ստանան, քանի որ ըստ փաստաթղթերի` տիրապետել են ոչ միայն օրինակ` 10, այլ նաև 10 ա բնակարանները:
Հակառակն են պնդում Սիսակյան 3 շենքի մյուս բնակիչները:
«Վերցրել են ընդհանուր օգտագործման բաղնիքները, զուգարանները ու սարքել են իրենց բնակարան, կեղծ թղթեր են հանել ու ուզում են պետությունից հավելյալ բնակարան պոկել»- վրդովված ասում է շենքի բնակիչ Լիլիթ Քոչարյանը, ինչը հաստատում են մյուս բնակիչները:
«Եթե սա վերաբնակեցման ծրագիր է և բոլոր բնակիչներին հասնում է նույնքան քառակուսի, որքան տիրապետել են վթարային հանրակացարանում, ինչու իրենցից մի քանիսը անօրինական ու կեղծ փաստաթղթեր ձեռք բերելով` պետք է ստանան մի քանի բնակարան», – ասում են բնակիչները և հավելում, որ արդեն դիմել են Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին հավատով, որ կեղծիքը կբացահայտվի և հավասար իրավունքներով բոլոր բնակիչները կզբաղեցնեն իրենց հասանելի քառակուսիները:
Հակառակ դեպքում շենքի բնակիչները պատրաստվում են հրաժարվել նոր բնակարաններից և գործը հասցնել իրավապահ մարմիններին: