14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գերմանական հեղինակավոր կայքը հոդված է հրապարակել Տաթևի վանքի մասին

Ս.թ. փետրվարի 28-ին գերմանական «Deutschlandfunk» հանրահայտ ռադիոյի կայքէջում Տաթևի վանքի մասին հոդված է հրապարակվել։

Նյութը նաև փետրվարի 28-ին և 29-ին մի քանի անգամ թողարկվել է ռադիոյի եթերում:

Ստորև ներկայացնում ենք վերոհիշյալ հոդվածի հակիրճ թարգմանությունը.

«Հայերն իրենց հայրենիքը «քարերի երկիր» են անվանում: Այս փոքր պետության մեջ բազմաթիվ ժայռեր, լեռներ և կիրճեր կան: Տաթևում է գտնվում աշխարհի ամենամեծ ճոպանուղին: Դրա «թռիչքը» 11 րոպե է տևում: Ճոպանուղուց մինչև Տաթևի վանք ընկած տարածությունը կազմում է 5,7 կիլոմետր: Դրա անվտանգության և տեխնիկական հարցերով պատասխանատուն Հրաչյա Ներսիսյանն է: Նա հարևան Գորիս քաղաքից է և շատ հպարտ է իր աշխատանքով: Նա ասում է.

«Նախկինում անգամ չէի կարող երազել, որ այստեղով ճոպանուղի կանցնի: Դրա համար էլ հպարտ եմ, որ մեր շրջանում է գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին, և ես իմ թիմի հետ միասին պատասխանատու եմ այն բանի համար, որ այն անխափան գործի: Դա մեծ պատիվ է ինձ համար»:

Ճոպանուղու կառուցման նախագիծը կոչվում է «Տաթևի վերածնունդ»: Այն ֆինանսավորվում է հարուստ գործարարների կողմից ստեղծված հիմնադրամի կողմից: Գալիք տարում` իր հիմադրման 1.111-ամյակին, Տաթևի վանքը պետք է ունենա իր նախկին փայլը և զբոսաշրջության միջոցով այստեղ պետք է աշխատատեղեր ստեղծվեն: Մինչև ճոպանուղու կառուցումը ընդամենը մի քանի հազար զբոսաշրջիկ էր գալիս այստեղ, իսկ հիմա` տարեկան շուրջ 100.000:

Տաթևի վանքը կառուցվել է իններորդ դարում և հանդիսանում է ճարտարապետական հրաշալի մի հուշարձան: Այն բաղկացած է 10-13-րդ դարերում կառուցված երեք եկեղեցիներից` շրջապատված հզոր պաշտպանական պարսպով: Մյուս կողմից Տաթևը կրկին դարձել է հայ առաքելական եկեղեցու կարևոր հոգևոր կենտրոններից մեկը: Դեռևս միջնադարում այստեղ հռչակավոր համալսարան է եղել:

Հայաստանում մարդիկ հպարտ են, որ իրենց փոքր երկիրը աշխարհում առաջինն է  քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն: Այդ պատճառով էլ Տաթև են այցելում ոչ միայն զբոսաշրջիկներ, այլ նաև` հավատացյալներ ամբողջ Հայաստանից և սփյուռքից: Նրանց մի մասն այստեղ մի քանի օր է մնում:

Տաթևի վանքում են գտնվում Պետրոս և Պողոս առաքյալների մասունքները: Սարկավագ Հարությունը մշտապես ապրում է վանքում: Հոգևորականներն ուրախ են, որ ճոպանուղու միջոցով շատ ավելի ճանապարհորդներ են գալիս իրենց մոտ: Վանքի աշխատանքն այնպես է կազմակերպված, որ զբոսաշրջիկներն ու հավատացյալներն իրար չխանգարեն. պատարագները մատուցվում են առավոտյան ժամը 6-ին և երեկոյան 19-ին, իսկ ճոպանուղին օրվա ընթացքում գործում է ժամը 10-18-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ