Ռուսաստանը Հայաստանի հետ իրականացնում է թափանցիկ համագործակցություն՝ պահպանելով բոլոր պարտավորությունները. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը պաշտոնական Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է թափանցիկ` համապատասխան բոլոր միջազգային պայմանագրերի: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Հայաստանին ռազմամթերք մատակարարելու համար պաշտոնական Բաքվի կողմից ներկայացված բողոքի նոտային, գրում է РИА Новости-ն։
«Մենք արդեն դիվանագիտական խողովակներով համապատասխան տեղեկատվություն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին, Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է դաշնակցային հարաբերություններով, նրա հետ զարգացնում է այդ թվում նաև ռազմատեխնիկական համագործակցություն: Մենք հուսով ենք դա ըմբռնումով կընկալվի Ադրբեջանի կողմից: Մենք այդ համագործակցությունը ծավալում ենք չթաքցնելով այն` թափանցիկ, բաց. սա հայտնի փաստ է: Միաժամանակ, ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամ Ադրբեջանին ռազմամթերքի յուրաքանաչյուր մատակարարում մեր կողմից իրականացվում է` հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան: