Բունդեսթագը մինչեւ ապրիլի 24- ը կքվեարկի Հայոց ցեղասպանության բանաձեւի նոր տարբերակ
Գերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել էր Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւ, որի քննարկման առաջարկով հանդես է եկել «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունը, որը միշտ աչքի է ընկել հայամետ բանաձեւի առաջ քաշմամբ ու պնդմամբ, որ 1915-ի դեպքերը պետք է ստանան հստակ ձեւակերպում` Ցեղասպանություն, տեղեկացնում է armradio.am-ը:
Ուշ երեկոյան ծավալված բուռն քննարկումներին նախապես ծրագրված քվեարկություն չի հաջորդել, քանի որ նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդդիմադիր ձախերի եւ իշխող կոալիցիոն եռյակի միջեւ` մինչեւ ապրիլ սեղանին դնել նոր փաստաթուղթ` նոր` հստակ ձեւակերպումներով: Բուռն կերպով չհամաձայնելով Մերկելի կուսակցության պատգամավորների որոշ դիտարկումների հետ` Ձախերի ղեկավար Ջեմ Օզդեմիրը առաջ է քաշել 3 նախապայման, որոնց դեպքում ինքը պատրաստ է ժամանակավորապես ետ կանչել իր ներկայացրած բանաձեւը:
Բունդեսթագում այսօր բուռն քննարկում ծավալվեց Հայոց ցեղասպանություն եզրը պարունակող բանաձեւի շուրջ: Քննարկումը հագեցած էր ծայրահեղ դիտարկումներով, քանի որ Կանաչները, ովքեր եւ հանդես էին եկել փաստաթղթի քննարկման, ապա եւ քվեարկության նախաձեռնությամբ, դժգոհում էին Բունդեսթագի` «Էրդողանին քաղաքական այս պայմաններում չբարկացնելու» ու երբեմն ցինիկության վերածվող քաղաքականությունից:
Իշխող կոալիցիոն եռյակի ներկայացուցիչներն իրենց ելույթում նշում էին, որ փախստականների ներկա խնդիրների համատեքստում կարիք չկա վտանգել Թուրքիայի հետ տարվող բանակցությունները: Ըստ իշխանական կուսակցության ներկայացուցիչների` այժմ ամենապատեհ ժամանակը չէ նման խնդիր առաջ քաշելու: Դահլիճից, ի պատասխան նման մոտեցումների, բարձրաձայն դժգոհեց Կանաչների կուսակցության ղեկավար Ջեմ Օզդեմիրը` հայտարարելով, թե «անցյալ տարվա ապրիլի 24-ից հետո Հայոց Ցեղասպանության եզրը պարունակող մեկ միասնական բանաձեւ պատրաստելիս սպասել ենք այնքան, որքան ասել եք: Ի վերջո` իրադարձություններից արդեն 100 տարի է անցել»:
«Մի փոքր ինքնահարգանք է պետք, ամեն մեր ցանկության համար Թուրքիայի աչքը չպետք է համբուրենք: Ժամանակ եք ուզել, սպասել ենք այնքան, ինչքան ասել եք: Հիմա Թուրքիան կշարունակի իր սխալ ուղով ընթանալ, որտեղ խոսում են քաղաքակիրթ հասարակության մասին, բայց դատապարտում են ազատ խոսող լրագրողներին, որոնցից շատերն իմ ընկերներն են: Եթե իրոք մինչեւ ապրիլի 24-ը նման փաստաթուղթ կազմվի երեք հիմնակետերով, ապա կասենք` այո, ձեզ հետ ենք: Բայց վախենամ` ժամանակը գա, ասեք, նորից մի բան խոչընդոտում է»,- ասում էր Օզդեմիրը:
Օրակարգից դուրս` ելույթների արանքում, նման հարց հնչեց նաեւ դահլիճից, որտեղ, ի դեպ, ներկա էր նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը շարքից շարք շրջելով, բուռն քննարկումների ժամանակ, ինչ-որ բան էր համաձայնեցնում ներկա պատգամավորների հետ: : 29.22 «Այս բանաձեւը երկնքից չի ընկել, մեկ տարի շարունակ այն քննարկել ենք, հիմա հանկարծ տարակարծություններ են հնչում դրա շուրջ: Իսկ երբ է քննարկման ճիշտ ժամանակը», -հարց հնչեց դահլիճից: Պատասխանող կողմը իշխող կոալիցիոն եռյակից էր: SPD-ից Դիթմար Նիթանը նշեց` «երբ մենք իրոք վերջնականապես պատրաստ կլինենք, ոչ թե բովանդակային առումով, այլ քաղաքական ծանր իրադրության բերումով այսօր ամենահարմար պահը չէ բանաձեւի քննարկման համար»:
Դիթմար Նիթանը մեկն էր իշխանական թեւի այն պատգամավորներից, որոնք խոսք տվեցին մինչեւ ապրիլի 24-ը կրկին նստել մեկ ընդհանուր սեղանի շուրջ` քննարկելու ու քվեարկության ներկայացնելու բանաձեւի նոր տարբերակ: «Հուսով եմ` մինչեւ այս ապրիլ կընդունվի մի բանաձեւ, որը կմտնի մեր աշխատանքային առօրյա: Փաստաթուղթ, որը կմտնի հայ, գերմանացի, թուրք քաղաքակիրթ հասարակության կյանք: Մենք պետք է հնարավորությունը բաց չթողնենք, որ Ցեղասպանության հարցը «գորգի տակ չմնա»: Այո, 1915-ի ապրիլի 24-ին սկիզբ առան իրադարձություններ, որոնք վերաճեցին Հայերի Ցեղասպանության»:
Տրամադրված 45 րոպեից ավելի տեւած քննարկման ավարտին հարց ծագեց բանաձեւի քվեարկության նպատակահարմարության մասին, քանի որ իշխող կոալիցիոն եռյակը հայտարարեց` այժմ` այս պայմաններում ու այս տեսքով բանաձեւի քննարկումը աննպատակահարմար է: Ցեղասպանության հարցում պրոհայկական մոտեցում ունեցող ձախերը եւս ձեռնպահ մնացին` հայտարարելով, որ բանաձեւն այս տեսքով իրենց չի բավարարում, քանի որ դրանում խիստ քողարկված է խոսվում կոնկրետ Ցեղասպանության մասին: Նրանք Գենոցիդի վերաբերյալ սեփական բանաձեւով պատրաստվում են հանդես գալ Հայոց Ցեղասպանության հերթական տարելիցին` ապրիլի 24-ին ընդառաջ:
Այս համատեքստում կանաչների կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը իշխող կոալիցիոն եռյակի առջեւ հարց բարձրացրեց` «եթե իրոք մինչեւ ապրիլի 24-ը քվեարկության կներկայացվի նոր բանաձեւ, որը կներառի 3 հիմնադրույթ, ապա ես ետ եմ կանչում մեր ներկայացրած բանաձեւը: Նախապայման հանդիսացող 3 հիմնադրույթները հետեւյալն են.
- հստակ տեքստով հայտարարվում է, որ 1915-ի դեպքերը Ցեղասպանություն են,
- Գերմանիան մեղսակից է այդ իրադարձություններին,
- Գերմանիան պատասխանատվություն է ստանձնում նպաստել հայ-թուրքական հարաբերություններում նոր սկիզբ դնելուն»:
Այսպիսով, Հայոց ցեղասպանության հարցով բանաձեւի քվեարկությունը հետաձգվեց, քանի որ ընդդիմադիր կանաչների եւ իշխող կոալիցիոն եռյակի միջեւ ձեռք բերվեց այդ համաձայնությունը: Ստացվում է, որ այս հարցով քաղաքական նոր զարգացումներին ու նոր փաստաթղթի պետք է սպասել արդեն մինչեւ ապրիլի 24:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում