04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ծխելու տեսարանները ֆիլմերում պետք է սահմանափակվեն». ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է «Ֆիլմերն առանց ծխախոտի ծխի. ապացույցներից անցում գործողությունների» զեկույցը, որում կոչ է արվում անդամ բոլոր պետություններին սահմանափակել այն ֆիլմերի ցուցադրությունները, որտեղ առկա են ծխախոտ ծխելու տեսարաններ` փորձելով պաշտպանել երեխաներին և դեռահասներին ծխելու և ծխախոտի այլ ձևերի օգտագործման նկատմամբ հակումից:

Զեկույցի համաձայն` ֆիլմերը, որոնք պարունակում են ծխելու կամ ծխախոտային արտադրանքի օգտագործման դրվագներ, դրդում են միլիոնավոր երիտասարդների ամբողջ աշխարհում սկսել ծխել: ԱՀԿ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման վարչության ղեկավար Դուգլաս Բեթչերը նշում է. «Ծխախոտային արտադրանքի գովազդի սահմանափակման պայմաններում ֆիլմերը մնում են դրանց արդյունավետ գովազդի ուղիներից մեկը, որը չի ենթարկվում ոչ մի սահմանափակման»:

ԱՀԿ առաջարկությունների համաձայն` կոնկրետ միջոցառումների ներդրումը, ներառյալ  ծխելու տեսարանների սահմանափակումը և ծխելու տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրությունից առաջ ծխախոտի վտանգների մասին նախազգուշացնող տեսանյութերի ցուցադրությունը կարող են երեխաներին զերծ պահել ծխախոտային արտադրանքի օգտագործումից` հետևաբար և դրանից բխող առողջությանը վնաս պատճառող բացասական հետևանքներից:

«Ֆիլմերում ծխելու տեսարանները կարող են համարվել ծխախոտային արտադրանքի բավականին ուժեղ գովազդ:  Միջազգային օրենսդրությունը ԱՀԿ «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» 180 անդամ երկրներից պահանջում է արգելել ծխախոտի վաճառքը խթանող գովազդը».- նշում է Դուգլաս Բեթչերը:

Ֆիլմերը դրդում են միլիոնավոր երիտասարդների ծխախոտ օգտագործել

ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխախոտ օգտագործող երիտասարդների 37%-ն առաջին անգամ սկսել է ծխել ֆիլմերում  ծխելու դրվագներ պարունակող տեսարանների ազդեցության ներքո: ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի 2014 թվականի տվյալներով` միայն ԱՄՆ-ում այդ տարի ֆիլմերի ազդեցության տակ սկսել է ծխել ավելի քան 6 մլն դեռահաս, որոնցից 2 մլն հետագայում կարող է մահանալ ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններից:

2014 թվականին ծխելու դրվագներ են պարունակել հոլիվուդյան ֆիլմերի 44%-ը, իսկ երեխաների համար թույլատրված ֆիլմերի 36%-ը: 2002-2014թթ. ընթացքում նկարահանված մեծ բյուջե ունեցող ֆիլմերի ավելի քան 2/3-ը  (59%) պարունակում են ծխախոտի օգտագործման տեսարաններ:

ԱՀԿ «Ֆիլմերն առանց ծխախոտի ծխի» զեկույցը, հիմք ընդունելով ԱՀԿ «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» 13-րդ հոդվածը,  առաջարկում է միջոցառումների շարք, ներառյալ`

  • Ծխելու տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրության տարիքային սահմանափակման պահանջների ներդրում,
  • Ֆիլմի տիտրերում հաստատում այն մասին, որ ֆիլմ արտադրողները չեն ստացել ոչ մի պարգևատրում ծխախոտային արտադրանքի ցուցադրության համար,
  • Ֆիլմերում ծխախոտային արտադրանքի պիտակների ցուցադրության արգելքի սահմանում,
  • Ծխախոտային արտադրանքի տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրությունից առաջ հակածխախոտային գովազդային տեսանյութերի ցուցադրության պահանջի ներդրում:

 

        Ծխելու տեսարանները շատ են մեր հեռուստասերիալներում

 

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս իր մտահոգությունն է հայտնում հայկական հեռուստաալիքներով ծխախոտ ծխելու տեսարաններով ֆիլմերի ցուցադրության կապակցությամբ։ Հորդորում ենք հեռուստաալիքների ղեկավարներին` նախկինում նկարահանված այն կինոնակարների ցուցադրությունից առաջ, որոնցում կան նման տեսարաններ, ներդնել հակածխախոտային գովազդային տեսանյութ կամ զգուշացում։

Մեր երկիրը 2004 թվականին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային», ինչը մեր առջև որոշակի պարտավորություններ է դնում։

Այսօր ցանկացած քաղաքացու պետք է որ մտահոգի այն հանգամանքը, որ Հայաստանը մնում է  շատ ծխող երկրներից մեկը։ Բավական է ասել, որ ընդհանուր մահացության գրեթե  կեսը մեզանում պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով և ևս 20 տոկոսը` չարորակ նորագոյացություններով, որոնց առաջացման  հիմնական  պատճառներից մեկը ծխելն է։ Հաշվի առնելով այս հանգամանքը, հորդորում ենք հայկական հեռուստասերիալներ  նկարահանող ստեղծագործական խմբերին` զերծ մնալ ծխախոտ ծխելու տեսարաններից։ Հաշվի առեք, որ  դրանով շատ երեխաների և դեռահասների կարող եք ետ պահել ծխելուց և դրանից բխող հիվանդություններից։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ