Լիլուի փնտրտուքը, Ռիփփիի տենչացող հայացքը
Ի՞նչ է նշանակում Fashion Police և ի՞նչ է նշանակում dress code: Դեռ մի քանի տարի առաջ հայ իրականության համար բավականին օտար, բռի և մենթալիտետի` հոգեկերտվածքի համար վիրավորական հնչերանգ ունեցող արտահայտություններ:
Սակայն երբ վերջին տարիների ընթացքում քաղաքական փակուղու մեջ գտնվող երկիր ներխուժեց գեղեցիկ և ճաշակով հագնվելու ավանդույթը, հայկական շոու-բիզնեսի համար բացվեց մի նոր աշխարհ:
Աշխարհ, ուր բացակայում էր Բանգլադեշի առևտրի կենտրոնը և Ֆիրդուսի տոնավաճառը: Այժմ երևանյան բոմոնդն ապրում է էվոլյուցիայի դաժան ընթացք: Հայկական շոու-բիզնեսի դեմքերը սկսում են սովորել տարբերել ոճերը, տարբերել երեկոյան և առօրյա հագուստը, թեև վերջինս դժվար թե հնարավոր լինի հաղթահարել առաջիկա հիսուն տարվա ընթացքում:
Այնուամենայնիվ, վերցնելով Fashion Police-ի ծանր և վտանգավոր պարտականությունները` սկսենք “դատապարտել” ոճային “դավաճանությունները” և գովել նորաձևության առաջընթացները:
Ռիփի
Բազմակողմանի զարգացած լինելը միշտ էլ գովելի հատկանիշ է եղել, սակայն ոճի մեջ այդպիսի ուղղությունը ոչ միշտ է ընդունելի: Թերևս լուսանկարներում մշտապես պահպանվող միակ հատկանիշը Ռիփիի քաղցած, տենչացող հայացքն է, որ այդպես խորաթափանց ակնարկով պահանջում է կիրթ ոճաբանի ներկայություն:
Հայկական շոու-բիզնեսի համար Ռիփին ունի հետաքրքիր արտաքին, որը, սակայն, նման է գեղեցիկ սենյակի` առանց գրագետ դասավորած կահույքի, որը, պատկերավոր ասած, ընդամենը չորս պատից բաղկացած տուփ է:
ԼիլուՀայ մարգարտապատ շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչ Լիլուն ուշադրություն է գրավում: Շատերի կարծիքով, ոճ ունենալ նշանակում է` կիրթ կարված կանացի կոստյում Chanel-ի ոճով, մարգարտյա վզնոց ու միջին բարձրության կրունկներով փակ կոշիկներ by Salvatore Ferragammo:
Բնականաբար, այս կերպարներից և ոչ մեկի հետ Լիլուն կապ չունի, սակայն դա չի նշանակում, որ նա զուրկ է ճաշակից: Հագուստի մեջ ընտրությունը նախևառաջ խոսում է մեր ներքին աշխարհի մասին, իսկ եթե Լիլուի մոտ այդ ներքին աշխարհը չի սահմանափակվում մարգարտյա վզնոցով, դա արդեն մեր քննարկման առիթը չէ:
Միակ խնդիրը Լիլուի` փնտրտուքի մեջ գտնվող ոճական խառնաշփոթն է. մեկ` սպիտակ անմեղ կիսաշրջազգեստ, մեկ` կատաղած հովազի գուներանգով շրջազգեստ: Ամեն դեպքում մեծ հույսով կշարունակեմ սպասել Լիլուի ոճի կենտրոնացմանը:
Ներկայացրեց դիզայներ-կոստյումեր Վահագն Վռամյան
Աղբյուրը` “ԵՍ”-ի