Հալեպի հայկական շրջանների հրթիռակոծությունները շարունակվում են
Սիրիայի Հալեպ քաղաքում ռումբերի ու հրթիռների պայթյուններն ու դրանց հետևանքով առաջացող ավերածությունները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է «Բերիո լուրեր»-ի ֆեյսբուքյան էջը:
Անցնող շաբաթ և հատկապես վերջին մի քանի օրվա ընթացքում սիրիական բանակը լուրջ գործողություններ է իրականացրել զինյալ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Հալեպի հայաբնակ թաղամասերից ոչ շատ հեռու՝ ծայրամասային շրջաններում սիրիական բանակի և զինյալ խմբավորումների միջև տեղի ունեցող բախումների պատճառով պարբերաբար լսվում են հրաձգության և ռումբերի պայթյունների ձայները:
Վերջին օրերի ընթացքում զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի տարբեր շրջանների, այդ թվում և հայերով ու այլ քրիստոնյաներով բնակեցված տարածքների հրթիռակոծություններն ավելի են շատացել: Մասնավորապես, հրթիռակոծությունների թիրախ են դարձել Հալեպի Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Վիլլաներ, Սեյրաֆի (Գափրի), Թելեֆոն Հաուաի, ալ-Ճապրիե, Մեյսելուն, Ազիզիե թաղամասերը:
Հրթիռակոծություններից տուժել են ոչ միայն հայկական թաղամասերը, այլև ազգապատկան կառույցները, ինչպես, օրինակ, Սիրիայի օգնության խաչի բժշկական կենտրոնը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մերձակայքը, Հայ ծերանոցի և ազգային Ճեմարանի մի շարք շրջաններ: