Որոշվում է, թե ում որտեղ են թաղելու …
Արդեն երկար ժամանակ ես որոնում էի բառեր, որոնք կօգնեն ինձ ասելիքս բարձրաձայնել: Ոչ թե մեկ բառ, այլ ամբողջ ասելիքն է կորել: Կորել է մի բան, ինչը չի վաճառվում եւ գնորդ էլ չի ունենա, եթե գտնվի ու վաճառքի հանվի: Մեզանում վաղուց կորել է ազատությունը, պայքարը եւ սերն է կորել, մաքուր օդն է կորել և խաղաղությունը, պարզ չէ` անդարձ են կորել, թե խառնվել են ուրիշ ինչ-որ բաների հետ, ինչ-որ անհայտ բան ստացվել, իսկ հիմա միայն հուսահատությունն է փրկում խուճապից:
Մաքուր օդն է կորել: Մեզանում հիմա օդը կեղտոտ է և այս օդում քաղցկեղից մտավորականները մահանում են: Դա շատ արագ է կատարվում: Դեռ երեկ ոմանք պայքարում էին մրցանակների, կոչումների եւ պաշտոնների համար, ոմանք արվեստի համար, ոմանք ճշմարտության, այսօր արդեն վատ են, հիվանդության վերջին փուլում: Կառավարությունն օժանդակում է, որ նրանց կիսամեռ կամ մեռած մարմինները արտերկրից բերեն հայրենիք:
Հետո ստեղծվում է թաղման հանձնաժողով, որոշվում է, թե ում որտեղ են թաղելու եւ վերջ: Պայքարն է կորել: Ոմանք` ամենաթույլերը, որ ոչ կորցնելու բան ունեն, ոչ ձեռքբերելու, ասում են, թե պայքարելն անիմաստ է, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր եւ որ ուժ ասվածը հենց միայն փողն է: Ու մեջբերում են խարույկի վրա այրված Ժաննա դ’Արկին, իբր իրենց անտարբերությունը (հենց իրենց կյանքի հանդեպ) դաս է Ժաննայի կյանքից: Անտարբերությունն արդարացում չունի: Պայքարից հրաժարվելու այս ձևն ընտրած մարդկանց մասին ես այլեւս չեմ գրելու: Նրանք արժանի են այն ամենին, ինչին արժանանում են:
Խաղաղությունն է կորել: Իբր խաղաղություն է, իբր ազատություն է, իբր ժողովրդավարություն է, բայց խաղաղության, ազատության և ժողովրդավարության հրավեր ոչ մի կողմից չի գալիս: Եվ այս վիճակից շահում են միայն բթամիտները: Նկատած կլինեք` նրանց համար կյանքում ամեն ինչ շատ ավելի հեշտ է: Այդպես է, հեշտությամբ կարող ես քեզ մեծ մարդ համարել, եթե ուղեղդ ծանրաբեռնված չէ մտքերով, որ աշխարհիս երեսին ապրել են Նարեկացին, Վան Գոգը կամ Ալբեր Քամյուն:
Երբ զինվորական բժիշկ Վահե Ավետյանը ծեծվելուց հետո պառկած էր հիվանդանոցում, 12 օր ես վստահ էի, որ նա կազդուրվելու է: Մտածում էի` նույնիսկ բթամիտները դժվար թե մարդուն այնքան ծեծեն, որ մահանա, հիմարություն է, ինչպես կարող են ծեծելով սպանել եւ դրանով ջնջել բոլորիս ապագայի հույսերը: Պարզապես մի քիչ վախեցրել են նրան եւ մեզ` բոլորիս: Ես ինձ ազատ էի կարծում, քանի դեռ Վահե Ավետյանը կոմայի մեջ պառկած էր հիվանդանոցում: Բայց նա մահացավ, եւ մեզանում այլեւս ոչ ոք չի կարող ազատ լինել, քանի դեռ ազատ է և ողջ է նրան սպանող տեսակը:
Ու մեր` բոլորիս, տարիներն են կորել: Այս առավոտ հայելու մեջ տեսա, որ ճերմակ մազերս շատ են ու երկար: Ես դրանք կտրում էի, երբ 1-2-ն էին: Եթե դուք դեռ չունեք ճերմակ մազեր և կարդում եք այս տողերը, անշուշտ, չեք փշաքաղվի: Միայն ճերմակ մազեր ունեցողները կարող են հասկանալ, թե ինչ նկատի ունեմ:
Ախր, դա միայն ճերմակ մազ չէ, դա ժամանակ է` կորսված կամ շահած, դա սեր է կամ ատելություն, դա կիրք է թե սեր, որ կարծում էիր հավերժական է, դա գավաթ է, որի հատակին էր թվում երջանկությունը, դա փշրված գավաթ է` անդարձ փշրված, դա կորած ասելիք է, դա չասված և այդպես էլ չասվելիք խոսքի կսկիծ է, որովհետև նա, ով արժանի էր լսելու քեզանից ասելիքդ, այլևս քո նույն աշխարհում չի ապրում …