ԱՄՆ-ին է մոտենում “Նեմո” փոթորիկը
ԱՄՆ-ի արեւելյան ափերին է մոտենում “Նեմո” ձյունախառը փոթորիկը: Աղետի հարվածի տակ են հայտնվել Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը: Սպասվում է, որ ձյան ծածկույթը կհասնի 30-50 սմ-ի, իսկ հյուսիսային նահանգներում այն հնարավոր է նույնիսկ մեկ մետրի հասնի: Բոստոնի մերձափնյա շրջաններում հնարավոր է ջրհեղեղ: Քամու արագությունը կհասնի ժամում 65 կմ-ի, իսկ ջերմաստիճանը կտրուկ կնվազի, գրում է “pravda.ru”-ն:
Նյու Յորքի իշխանություններն զգուշացրել են քաղաքացիներին հասարակական տրանսպորտի երթեւեկության հնարավոր խախտումների մասին, փակվել են դպրոցները: Մարդկանց խորհուրդ է տրվում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալ: Նրանք արդեն “զինվել” են լապտերներով, մոմերով եւ մարտկոցներով:
Ամերիկյան ավիաընկերությունները շուրջ 1500 չվերթներ են չեղյալ հայտարարել:
Վերջին անգամ նման առատ ձյուն ԱՄՆ-ում 1978-ին է եղել: 2012-ի նոյեմբերին Նյու Յորքը հայտնվեց “Սենդի” փոթորկի հարվածի տակ, որն ավելի քան 100 մարդու կյանք խլեց եւ բազմաթիվ ավերածությունների պատճառ դարձավ: