Ծննդկանի մահանալուց հետո հարձակվել են ծննդատան վրա, ջարդուփշուր արել /վիդեո/
Մոտ 600 հոգի հարձակվել է ծննդատան վրա ու ջարդուփշուր արել այն։ ՌԴ Խասավյուրտի ծննդատանը ծննդկանը մահացել է, ինչից հետո նրա գազազած բարեկամները հարձակվել են ծննդատան վրա։ Դալիեւա Զ․-ն վեցերորդ երեխային էր ծննդաբերում, եւ այժմ նրա բարեկամները բժիշկներին են մեղադրում կնոջ մահվան մեջ։
Նրանց կարծիքով՝ բժիշկները կեսարյան հատման սխալ են թույլ տվել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել։ «Հավաքվածների հետ փորձել է խոսել բժիշկներից մեկը, սակայն նրան չեն լսել ու հարձակվել են, որ ծեծեն։ Բժիշկը հազիվ է փախել։ Նրանք կոտրել են ծննդատան պատուհանները, ամեն ինչ ջարդել։ Միայն ոստիկանությանն է հաջողվել ցրել հավաքվածներին։ Բժիշկները ստիպված ծածկոցներով փակել են կոտրված պատուհանները, որպեսզի նորածինները չմրսեն»,-պատմել է ականատեսներից մեկը։
Մահացած կնոջ հարազատներն ասում են, որ նա ողջ հղիության ժամանակ իրեն շատ լավ է զգացել, վատացել է միայն կեսարյանից հետո։ «Բժիշկները մեզ ոչինչ չէին ասում, մեր հարցերին չէին պատասխանում։ Նրա 6 երեխան որբ մնացին»,- ասել է կնոջ բարեկամուհիներից մեկը։ Բժիշկներն էլ պնդում են, որ կեսարյան հատումն առանց խնդիրների է ընթացել։ Վիրահատությունից 9 ժամ անց Դալիեւայի մոտ արյունահոսություն է սկսվել, ինչից էլ նա մահացել է։ Բժիշկները նշոմ են, որ իրենք դեռեւս հղիության սկզբում զգուշացնում էին կնոջը, որ հերթական հղիությունը նրա համար կարող է ողբերհգական ավարտ ունենալ։
«Դա նրա 6-րդ հղիությունն էր, բոլոր նախորդ անգամները խոշոր պտուղներ են ծնվել, ինչն էլ ավելի է մեծացնում արյունահոսության վտանգը։ Բացի այդ, կնոջ յուրաքանչյուր հղիությունը ծանր անեմիայով է ուղեկցվել»,- ասել են նրանք։
Դեպքի առթիվ հիվանդանոցում քննություն է սկսվել։