Գազայի գաղտնի թունելները կոչնչացվեն ամերիկյան 120 մլն դոլարով
ԱՄՆ-ը Իսրայելին 120 մլն դոլար կտրամադրի նոր համակարգի ստեղծման համար, որը թույլ կտա հայտնաբերել ու ոչնչացնել թունելները Գազայի հատվածի հետ սահմանի տակ։
Այս մասին փոխանցում է «rosbalt.ru»-ն՝ հղում անելով «The Financial Times»-ին։
Գումարը Իսրայելը կստանա առաջիկա երեք տարիների ընթացքում։ Պարբերականի տեղեկություններով՝ իսրայելցիները նոր համակարգն անվանում են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստորգետնյա անալոգ։
Ստորգետնյա պաշտպանության նոր համակարգի ստեղծման գործում կմասնակցեն իսրայելական «Elbit Systems» և «Rafael Advanced Defence Systems» ընկերություններ, որոնք զբաղվել են «Երկաթե գմբեթի» մշակմամբ։ The Financial Times-ի փոխանցմամբ՝ ամերիկացիները ցանկանում են արդյունքում կիրառել նման տեխնոլոգիան թունելների որոնման համար, որոնք փորվում են Մեքսիկայի հետ սահմանի տակ հանցավոր խմբավորումների կողմից թմրանյութերի մաքսանենգության և անօրինական ներգաղթյալների փոխադրման համար։