Սամվել Ալեքսանյանի ուշագրավ խորհուրդները. ՀԺ
«Մեր ունեցած հավաստի, խիստ հավաստի տեղեկություններով, անցած շաբաթ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում ընթրիքի է հրավիրել բոլոր այն գործարարներին, որոնք զբաղվում են կամ մտադիր են զբաղվել ալյուրի ներկրմամբ։ Ճոխ սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում անցկացված երեկոյի ընթացքում Ալեքսանյանը հայտնել է գործարարներին, որ այսուհետ «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։
Ըստ Ալեքսանյանի, խնդիրն այն է, որ մասնավորապես Ռուսաստանում ալյուրի գինը կտրուկ նվազել է, եւ ռուսական ալյուրը Հայաստան բերելու պարագայում տեղական արտադրության ալյուրը չի կարող մրցակցել դրա հետ։ Իսկ եթե տեղական ալյուրը չվաճառվի, ալրաղացները չեն աշխատի, աշխատատեղեր կփակվեն եւ այլն, եւ այլն։ Այլ խոսքով, Ռուսաստանից էժան ալյուր բերելու արգելքը մտցվում է հանուն ազգի, հայրենիքի, երկրի անվտանգության..։
Հիմա մոտենանք խնդրին փաստերով էլ տեսնենք, թե հանուն ինչի այլեւս «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում ալյուրի հիմնական արտադրողը Բաղրամյանի ալյուրի գործարանն է, որը ուղղակի կամ միջնորդավորված պատկանում է հենց Ալեքսանյանին։ Այսինքն, Ռուսաստանից Էժան ալյուր ներկրելը ուղղակի հարվածում է հատկապես հենց Ալեքսանյանին։
Ռուսաստանի Կրասնոդարի մարզում մեկ կիլոգրամ բարձր տեսակի ալյուրի մեծածախ գինը 19 ռուբլի է: 19 ռուբլին 115 դրամն է. Դրան ավելացնում ենք ավելացված արժեքի 20 տոկոսանոց հարկը, ստանամ ենք 137 դրամ։ Դրան ավելացնում ենք նաեւ Կրասնոդարից Հայաստան հասցնելու գինը, ներհայաստանյան տեղափոխումների, պահեստավորման եւ այլ լոգիստիկ ծախսերը եւ վերջում՝ ներկրողի եկամուտը ու ստանում ենք 180-190 դրամ։ Սա Հայաստանում Կրասնոդարի մարզից բերված մեկ կիլոգրամ ալյուրի օբյեկտիվ գինն է, եթե լինեին դրա ներկրման ազատ, մրցակցային պայմաններ։
Այս պահին Հայաստանում մեկ կիլոգրամ ալյուրն արժե 240 դրամ։ Հենց այս գնով են ալյուրը ձեռք բերում հացի արտադրամասերը։ Տարբերությանը ՝ 60-70 դրամ է, կամ մոտ 25 տոկոս։