Թուրքիայի ներկայությունն արդեն անտանելի է․ Իրաքի արտգործնախարար
Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Էլ-Ջաֆերին ընդունել է Բաղդադում ԱՄՆ-ի դեսպան Ստյուարտ Ջոնսին, Ֆրանսիայի դեսպան Մարկ Բարթինիին և Անգլիայի դեսպանի օգնական Բելինդա Լեվիսին: Թուրքական «Milliyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ hանդիպման ժամանակ Ջաֆերին անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ը:
Իրաքի արտգործնախարարը ցանկություն է հայտնել, որպեսզի նշյալ երեք երկրներն ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն Իրաքին: «Իրաքյան տարածքում թուրքական զինուժի գտնվելու հանգամանքը մեծ անհագստություն է պատճառում, դա արդեն անտանելի է»,- հայտարարել է Ջաֆերին:
Արտգործնախարարության տարածած գրավոր հայտարարության համաձայն՝ Ջաֆերին նշել է, որ Իրաքի տարածքում թուրքական ուժերի ներկայությունը ոտնձգություն է երկրի ինքնիշխանության նկատմամբ և ոչ մի կերպ չի տեղավորվում դրացիական հարաբերությունների շրջանակում:
Արտգործնախարարը նաև խնդրել է Անգլիային, Ֆրանսիային և ԱՄՆ-ին ավելի ակտիվ դեր խաղալ Իրաքում թուրքական ներկայությունը դադարեցնելու գործում:
Ըստ Ջաֆերիի՝ իրենք փորձում են խնդիրը հարթել դիվանագիտական ճանապարհով, սակայն թուրքական կողմը դրական մոտեցում չի ցուցաբերում: «Թուրքիան պետք է անմիջապես Իրաքից դուրս բերի իր զինվորներին»,- հավելել է նախարարը: