Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնը Վիրահայոց թեմում
2016 թվականի առաջին տաղավար տոնը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը, Վիրահայոց թեմում նշվեց մեծ հանդիսությամբ: Հունվարի 5-ի երեկոյան Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի Թբիլիսիի, Բաթումիի, Ջավախքի հայոց եկեղեցիների պատարագիչ քահանաները հավուր պատշաճի քարոզ խոսեցին օրվա խորհրդի մասին: Ճրագալույցի Սուրբ Պարտարագին ներկա հավատացյալները եկեղեցում վառված ճրագներով իրենց հետ տուն տարան Սուրբ Ծննդյան ավետիսը և աստվածային լույսը:
Հունվարի 6-ի առավոտից շարունակվեց տոնական տրամադրությունը: Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական սուրբ պատարագ: Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում պատարագիչն էր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը:
Բաթումիի հավատացյալներով լեցուն Սուրբ Փրկիչ Եկեղեցում Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից մատուցված Սուրբ Պատարագին ներկա էին Բաթումիի քաղաքապետ Գիորգի Երմակովը, Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Իրակլի Բերիձեն և աշխատակից Մաքսիմ Դումբաձեն, ովքեր բաթումահայությանը շնորհավորեցին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
Մառնեուլիի շրջանի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ և Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի գլխավորությամբ հայկական համայնքներում կատարվեցին ջրօրհնեքի արարողություններ:
Տոնական տրամադրություն էր տիրում հավատացյալներով հոծ Թբիլիսիի Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Տոնական Պատարագին ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, փոխնախարար Բեսարիոն Լոլաձեն, Գերագույն շտաբի պետի տեղակալ Նիկա Ագլաձեն, Վրաստանի բռնագրավված տարածքների և փախստակաների հարցերով նախարար Սոզար Սուբարին, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Վրաստանի նախագահի խորհրդական Սոփիո Շամանիդին, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Կոբա Չոպլիանին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը, Սերգո Ռատիանին, Համայն Վրաստանի մուսուլմանների վարչության մուֆթի Յասին Ալիևը, պետական, հասարակական գործիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ, հավատացյալներ:
Սուրբծննդյան Պատարագն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը տիկնոջ հետ, ներկա էին նաև դեսպանության դիվանագետները:
Հընթացս Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով:
Սբ. Պատարագի վերջում Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն:
Հավարտ Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը ներկաներին շնորհավորեց ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ և շնորհակալության խոսքեր ուղղեց վրաց պետության և կառավարության ներկայացուցիչներին ներկայության համար: Սրբազան Հայրը պատմական ակնարկով արժևորեց նույն կրոնի և մշակույթի կրող հավատակից ժողովուրդների հազարամյա եղբայրական հարաբերությունները, հայ և վրաց եկեղեցիների բարեկամությունը: Սրբազան Հայրը ողջունեց մուսուլմանական համայնքի ներկայացուցչի ներկայությունը որպես Վրաստանում հանդուրժողականության և բազմակրոն համագործակցության դրսևորում:
Հայ հավատացյալներին տոնի կապակցությամբ Վրաստանի իշխանությունների անունից շնորհավորեց Վրաստանի պաշտպանության նախարար տիկին Թինաթին Խիդաշելին:
Նույն օրը «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ Վրաստանի Հայ կանանց «Շուշանիկ» միության կազմակերպած ավանդական հայկական գաթայի փառատոնը:
Վիրահայոց թեմում Սուրբծննդյան տոնակատարությունը լուսաբանվեց վրացական տարբեր լրատվամիջոցներով: