Ինչպես են տոնում Սուրբ Ծնունդը աշխարհի տարբեր երկրներում /ֆոտո/
Քրիստոնեական գլխավոր տոներից մեկը Սուրբ ծնունդն է։ Տարբեր երկրներում, սակայն, այն տարբեր օրերի են նշում՝ դեկտեմբերի 25-ին, հունվարի 6-ին, հունվարի 7-ին․․․ Սուրբ ծնունդի տոնակատարությունները հաճախ խառնվում են ամաորյա տոնակատարություններին։
Աշխարհի տարբեր երկրներում Սուրբ Ծնունդը տարբեր կերպ են տոնում, յուրաքանչյուրն իր ավանդույթների համաձայն։
Բեթղեհեմ
Մերձավոր Արեւմուտքի այս փոքրիկ քաղաքում ծնվել է Հիսուս Քրիստոսը։ Այստեղ տոնը սկսվում է մայրամուտից շատ առաջ: Այստեղ առանձնահատուկ կերպով է նշվում Սուրբ ծնունդը։ Ձիթենյաց լեռան վրա, որտեղ գտնվում է Սուրբ Ծննդյան եկեղեցին, ծիսակատարությունը սկսվում է երգեցողությամբ: Տաճարում արարողությունը մատուցում են միանգամից մի քանի քահանաներ տարբեր լեզուներով: Տաճարի շուրջը հավաքվում են տասնյակ հազարավոր մարդիկ: Քաղաքի գլխավոր հրապարակում երկար սյուն է տեղադրվում, վրան՝ աստղ։ Այն խորհրդանշում է բեթղեհեմյան աստղը, որը ցույց տվեց Փրկչի ծնված տեղը եւ ժամանակը։
Ավստրիա
Տոնից մոտ չորս շաբաթ առաջ Ավստրիայում սկսվում է Սուրբ Ծննդյան գալստյան շրջանը եւ ակնկալությունները` կապված տոնակատարությունը նշելու հետ: Այդ ժամանակ տները զարդարում են հատուկ պսակով, որի վրա դրվում են չորս մոմեր: Սուրբ Ծննդյան պահքի առաջին կիրակին վառվում է մեկ մոմ, երկրորդի ժամանակ` երկու, երրորդ կիրակի օրը վառվում է երեք մոմ, իսկ Սուրբ Ծննդյան նախօրեին` գալստյան վերջին կիրակին վառվում են բոլոր չորս մոմերը:
Ռուսաստան
Ռուսաստանում հին ժամանակներում Սուրբ ծնունդը տոնում էին Ամանորից առաջ։ Սուրբ ծննդյան ողջ շաբաթվա ընթացքում պետք է պահպանեին լիությունը սեղանի վրա։ Անպայման ողջ շաբաթվա ընթացքում խոզի գլուխ էին դնում սեղանին, մատուցում էին խոզի միս, նապաստակի միս եւ դդում։
Այժմ Սուրբ ծնունդը Ռուսաստանում տոնում են հունվարի 7-ին։ Ինչպես նախկինում, հիմա էլ վաղ առավոտյան ընդունված է ողջ ընտանիքով եկեղեցի գնալ, իսկ երեկոյան հավաքվում են եւ Սուրբ ծննդյան թխվածք ուտում՝ վարսակի փաթիլներից պատրաստված։ Այս օրը չի կարելի ծանր ու կեղտոտ աշխատանք անել, պարտքերը վերադարձնել։ Հնում Սուրբ ծնունդի օրը Ռուսաստանում ընդունված էր նոր հագուստ կրել։
Անգլիայում ամենից շատ են հետեւում ավանդույթներին։ Այստեղ Սուրբ ծնունդի ամենակարեւոր բաղադրիչներից է թագուհու ելույթ-շնորհավորանքը, որը նա հղում է տոնական ընթրիքից անմիջապես հետո։ Այստեղ նախքան սեղանի շուրջ հավաքվելը ողջ ընտանիքով եկեղեցի են գնում։ Անգլիայւմ Սուրբ Ծնունդը մի իսկական ընտանեկան տոն է: Այդ օրը բոլորը հավաքվում են հայրական տանը, միմյանց նվերներ նվիրում եւ աչքի անցկացնում ընտանեկան լուսանկարները: Սակայն Անգլիայում Սուրբ ծնունդին ընդունված չէ իրար թանկարծեք նվերներ նվիրելը։ Ավանդական կերակրատեսակ է համարվում հնդկահավը հաղարջի սոուսով եւ պուդինգը: Իսկ խմում են այդ օրը բացառապես թեյ կամ կոնյակ: Անգլիայում Սուրբ Ծննդյան սեղանի զարդը համարվում է տոնական տորթը: Այստեղ ընդունված է տունը զարդարել փշարմավի ճյուղերով, ինչը խորհրդանշում է բարեկեցություն, եւ սպիտակ ճագոմով, ինչը նշանակում է հյուրընկալություն եւ պտղաբերություն:
Սուրբ ծնունդի հաջորդ օրն այստեղ տոնում են Սուրբ Ստեփանոսի օրը, երբ բացում են բարեգործական արկղերն ու կարիքավորներին բաժանում հավաքված գումարը։
Ֆրանսիա
Սուրբ ծնունդին ֆրանսիացիները շեշտում են բուն իրադարձությունը, դրա համար էլ ամենուր՝ տներում, փողոցներում եւ այլն Քրիստոսի ծնունդի տեսարանն է՝ փոքրիկ տիկնիկներով, մսուրով, հրեշտակներով։ Այս տիկնիկներին այստեղ անվանում են սանտոնս։
Արգենտինա
Սուրբ Ծնունդն Արգենտինայում եւս ընտանեկան տոն է: Որպես կանոն, ընտանիքի բոլոր անդամները հավաքվում են նրանցից որեւէ մեկի տանը, եւ երեկոյան ժամը 22-ին նստում են սեղանի շուրջ: Ժամը 24-ին հանդիսավոր ձեւով բացվում է խնձորի գինին կամ շամպայնը, հազվադեպ դեպքերում երիտասարդները ճայթուկ են պայթեցնում: Ոմանք գնում են եկեղեցի` ժամերգության: Սուրբ Ծննդյան սեղանին ավանդական Ensalada rusa-ն է, ինչը նման է օլիվյեին եւ ինչով հպարտանում են արգենտինացիները:
Հայաստան
Հայկական եկեղեցին հավատարիմ է մնացել հին կարգին եւ Քրիստոսի ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին: Այդ օրը Հայ եկեղեցին նշում է նաեւ Քրիստոսի մկրտության օրը: Սուրբ Ծննդյան նախօրեին երեկոյան մատուցվում է պատարագ, որը կոչվում է ճրագալույցի պատարագ: Այդ օրը հավատացյալները մոմ են վառում եկեղեցում եւ այն իրենց հետ տանում տուն` այն լուսավորելու եւ Սուրբ Ծննդյան տոնին նախապատրաստվելու համար: Հաջորդ օրը` հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Ծննդյան պատարագ: Որին հաջորդում է Քրիստոսի մկրտության արարողությունը եւ ջրի օծումը: Ավանդաբար այս օրը հայկական ընտանիքների սեղանին մատուցվում է բրնձով, չամիչով փլավ, ձուկ եւ կարմիր գինի:
Ավստրալիա
Ավստրալիայում երազում են «ճերմակ» Սուրբ ծնունդի մասին։ Շոգ եղանակի պատճառով այստեղ Սուրբ ծնունդն ամառային տարբերակով են նշում։ Փոխարենը Սուրբ ծննդյան բացիկների վրա ձմեռային գեղեցիկ տեսարաններ են։ Սուրբ ծնունդի օրն այստեղ երեխաները լողում են, ավազե ամրոցներ սարքում, իսկ ամենատարածված նվերը լողափի սրբիչն է։ Այստեղ նոյեմբերի կեսին տեղի է ունենում Սուրբ ծնունդի շրջանի բացումը, որի կապակցությամբ տոնական շքերթ է տեղի ունենում։
Գերմանիա
Սուրբ ծնունդին տոնածառ զարդարելու ավանդույթը եկել է Գերմանիայից։ Այստեղ, ըստ հին ավանդության, 11-րդ ամսվա 11-ին, ժամ 11անց 11 րոպեին Գերմանիայում սկսվում է Սուրբ Ծննդյան տոնակատարությունը, որը հայտնի է որպես «տարվա հինգերորդ եղանակ»: Քաղաքների հրապարակներում կազմակերպվում են տոնավաճառներ, որտեղ հավաքվում են հազարավոր մարդիկ: Նրանք գրկախառնվում են, խմում են տաք գլինտվեյն, պարում են եւ երգում: Գերմանիայում ընդունված է նվիրել «Սուրբ Ծննդյան աստղ»: Հարյուր տարի առաջ այս բույսը բերվել է Մեքսիկայից. Ռուսաստանում այն կոչվում է իշկաթնուկ: Ճիշտ խնամքի դեպքում Սուրբ Ծնունդին կանաչ թփի վրա գունագեղվում է վառ կարմիր կամ վարդագույն պսակիկը, որը հիշեցնում է աստղ: Նվիրում են նաեւ երեքնուկ խեցամանի մեջ` ի նշան երջանկության:
Գերմանիայում Սուրբ ծնունդը նշում են ընտանիքի հետ եւ նվերներով փոխանակվում։
ԱՄՆ
ԱՄՆ-ում Սուրբ ծնունդն ավելի կարեւոր տոն է, քան Ամանորը։ Սուրբ ծնունդն այստեղ տոնում են դեկտեմբերի 25-ին։ Այս օրերին ԱՄՆ-ի տներն ու փողոցները զարդարվում են Սուրբ ծնունդը խորհրդանշող զարդերով, լույսերով, Սանտա-Կլաուսը շրջում է փողոցներով ու տներով, երեխաներին նվերներ բաժանում։ ԱՄՆ-ի Սուրբ ծննդյան տոնական սեղանի անբաժանելի մասը տապակած հնդկահավն է։
Չնայած Հունաստանն ուղղափառ երկիր է, սակայն Սուրբ Ծնունդը նշում է արեւմտյան աշխարհի հետ միասին` դեկտեմբերի 25-ին: Այն նշվում է յուրաքանչյուր ընտանիքում, ընտանեկան շրջանակներում: Զարդարվում է տոնածառը, տոնական սեղանին դնում են զանազան մրգեր, ընկույզ, թուզ, չամիչ, եւ այլն: Իսկ գլխավոր տեղը սեղանին հատկացվում է հնդկահավին: Սովորաբար Սուրբ Ծնունդին այստեղ միմյանց նվիրում են հագուստ, գրքեր, կենցաղային իրեր, պարզապես ծրարով գումար, եւ իհարկե խաղալիքներ երեխաների համար: