Մայր Աթոռում Սուրբծննդյան պատարագ է մատուցվել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվեց Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ, որին մասնակցել են հարյուրավոր հավատացյալներ, նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ:
Ամենայն հայոց կաթողիկոսն իր պատգամում ասել է. «Մեր, հայրենական մեր կյանքում եւս ծառացած է խաղաղության պահպանման հրամայականը: Տարիներ շարունակ մեր երկիրը գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Վերջինս մեր սահմաններում սադրանքների է դիմում՝ ձգտելով ոտնահարել Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Հավատում ենք, որ խաղաղության նախանձախնդրությամբ եւ առ Քրիստոս հավատքով զորացյալ՝ մեր ժողովուրդը իր հոգու խաղաղությունը պիտի պատվար դարձնի ընդդեմ թշնամյաց հարձակումների, անխորտակելի վահան՝ ընդդեմ հայրենյաց սահմանների ոտնձգությունների՝ հերոսաբար պաշտպանելով մեր երկիրն ու սրբազան արժեքները եւ կուռ ու միասնական ոգով ներդնելով իր ջանքերը դժվարությունները հաղթահարելու, շենացնելու մեր հայրենիքը, աշխարհասփյուռ մեր կյանքը: Սիրելիներ, Քրիստոս է մեր զորությունը: Աներկմիտ, անվարան հավատքով հետեւենք մեր Տիրոջ պատգամներին: Մեր Փրկչի քաջալերող խոսքի համաձայն՝ թող մեր սրտերը չխռովվեն եւ չվախենանք: Ապավինենք ոչ միայն մարդկային մեր տկար ուժերին, այլեւ՝ Աստծո օրհնությանը, որը կարող է մեզ համար անհնարինը հնարավոր դարձնել: Պարտավորվածությունից առավել թող մեզ առաջնորդեն ծառայության, սիրո ու նվիրումի ոգին, որով ծնունդ առած մեր գործերը հանապազօրյա անհրաժեշտություն են՝ իրականացնելու համար ազգային զարթոնքի, լուսավոր գալիքի մեր տեսիլքները»:
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածհայտնության եւ Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվել է Սուրբ Ծննդյան Պատարագ եւ կատարվել է Ջրօրհնեք: