Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ

«Ահա կոյս յղասցի եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա Էմմանուէլ, որ թարգմանի՝ Ընդ մեզ Աստուած» (Մատթեոս 1:23):
Սիրելի՛ հավատավոր զավակներ,
Կամոքն Բարեգութ Աստծո՝ օրեր առաջ տարեմուտով ուղենշվեց համայն մարդկության նոր կենսընթացը: Իսկ այսօր վերստին պանծացվում է 2015 տարի առաջ Բեթղեհեմում կատարված սքանչելի և խորհրդավոր եղելությունը. Աստված Երկնքից խոնարհվեց և մարդացավ: Աստվածային մարմինը հագավ մարդկային բնություն՝ ի սեր ամենքիս, հանուն աստվածադրոշմ պատկերի վերանկանգնումի ու նորոգության:
Մեր աղոթքն է, որ Էմմանուելի զորությունն առավել ներգործուն և ուժեղ դարձնի մեր հավատքը: Եվ թող մարդացյալ Փրկիչն Իր Աստվածհայտնությամբ զորացնի առաքելահաստատ Հայ Եկեղեցին, անվտանգ, ամբողջ ու անխռով պահի Հայրենին մեր՝ բարեբերություն և խաղաղություն պարգևելով մեր ժողովրդին:
Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ,
Օրհնեալ է Յայտնութիւնը Քրիստոսի:
Օրհնությամբ՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ
Աղբյուր՝ qahana.am