Երևանի կուշտ երեխաներն ու սահմանային հեքիաթը…
Ռեժիսյոր, դերասան Անդրանիկ Տոնոյանը իր կազմավորված դերասանական խմբի հետ հասցրել է լինել Հայաստանի տարբեր մարզերում: Նրան հատկապես հարազատ են հեռավոր գյուղերն ու սահմանամերձ համայնքները:
«Պարզ ու բարի մարդկանց հետ շփումը ուրիշ է: Երևանից դուրս ներկայացումներ ունենալը չեք պատկերացնի , ինչ մեծ հոգեկան բավարարվածություն է: Անգամ երեխաների հետաքրքրության մեջ տարբերություն կա: Երևանի երեխաները մի տեսակ կուշտ են, իսկ մարզերի երեխաների աչքերում ավելի շատ է հեքիաթին հավատալու ունակությունը»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց ռեժիսյորը:
Անդրանիկ Տոնոյանի և համակարգող Աննա Բագրատյանի հոգում հատկապես մեծ տեղ է զբաղեցրել մի պարզ ու մարդկային շփում: Դա մի ինքնատիպ պատմություն է:
Երբ անսպասելի վիճակում հայտնված խմբին իր աջակցությունն է ցուցաբերում Տավուշի մարզի Աչաջուր գյուղից մի ընտանիք.«Մտերմացանք հատկապես ընտանիքի փոքր անդամի Անիի հետ ու հիմա հենց իր հրավերով նոր ներկայացմամբ կլինենք մեր սիրելի Աչաջուր համայնքում»,-կիսվեց Անդրանիկը:
Հարցին, թե նոր ներկայացումը բեմադրելիս ինչ ստանդարտներ է հաշվի առնում երիտասարդ ռեժիսյորը, և արդյոք տարբերվում են իրենց ասելիքով մեկ սերունդ առաջ բեմադրված ներկայացումները `Տոնոյանը արձագանքեց.«Մենք այնպիսի գրողներ ունենք, որ երբեք չեն հնանում: Թումանյանը ենց մեր ժամանակի համար ասելիք ունի:«Մի կաթիլ մեղրը» առանց աչքերը թարթելու նայում են: Նոր տարբերակտով, բեմադրել ենք Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկը»»,-տեղեկացրեց երիտասարդ ռեժիսյորը:
Համակարգող Աննա Բագրատյանը ընդգծեց, որ ներկայացումը պարզապես ինտերակտիվ է, ավելի շատ է դերասանների շփումը դահլիճում գտնվող երեխաների հետ, քանի որ դա ժամանակի պահանջ է ու ավելի հետաքրքիր դրսևորման ձև:
Աննան նշեց նաև, որ Ձմեռ պապի և Ձյունանուշի կերպարներն էլ ինքնատիպ են դրսևորվում ներկայացման մեջ:
«Մաղթում եմ, որ բոլոր բալիկների աչքերը ժպտան ու հեքիաթին հավատալու կարողությունը կյանքում չլքի նրանց»,-եզրափակեց Անդրանիկ Տոնոյանը: