«Մարդիկ եթե տեսնեն՝ շահույթ ունեն այդ գործից, անպայման, դրանով զբաղվելու են»
«Իհարկե, մարզը մեծ հնարավորություն ունի անասնաբուծության զարգացման բնագավառում: Մենք շարունակելու ենք հեռավոր արոտավայրերի ջրարբիացման ծրագրերը, բայց որպեսզի անասնապահությունը Սյունիքում լրջորեն զարգանա, անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ զգան իրենց աշխատանքի արդյունքը, կարողանան վաճառել: Եվ այս առումով, պետք է շատ լուրջ աշխատանքներ ծավալել կաթի վերամշակման ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ: Պետք է ներդրողներ գտնել և, միգուցե առաջին հերթին, Սիսիանի տարածաշրջանում: Պետք է այնպես աշխատել, ինչպես՝ Կապանի տարածաշրջանում պտղի, հատապտղի վերամշակման ձեռնարկության գործարկման դեպքում: Ես վստահ եմ, որ մեր առևտրային բանկերն էլ կօժանդակեն հավելյալ միջոցներով, որպեսզի այդ ձեռնարկությունը կայանա: Բայց նաև չափազանց կարևոր է աշխատանքը Գյուղատնտեսության նախարարության մասնագետների հետ: Բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ, ֆերմերներ պանիր են արտադրում տարածաշրջանում, սակայն արտադրում են ամենատարբեր տեսակի: Պետք է այնպես անել, որ այս մարդիկ միավորվեն միությունների մեջ, արտադրեն այնպիսի տեսակի պանիրներ, որպիսիք շուկայում պահանջված են: Ես տեղյակ եմ, որ Գյուղատնտեսության նախարարը եղել է այնտեղ, և որոշակի պայմանավորվածություն կա, բայց մենք դանդաղ ենք առաջ շարժվում այս ուղղությամբ: Մարդիկ եթե տեսնեն՝ շահույթ ունեն այդ գործից, անպայման, դրանով զբաղվելու են:
Սյունիքում շատ մեծ նշանակություն են տալիս գիտելիքին, կրթությանը: Մենք վերջին տարիներին այնտեղ ներդրումներ ենք կատարել, բայց հիմա մեծ ծրագիր ենք նախատեսում դպրոցաշինության բնագավառում, ավելի ստույգ՝ իրականացնելու ենք հաջորդ տարվանից: Եվ բնական է, որ այդ ծրագրում ներառված են նաև Գորիսի, Կապանի, այլ բնակավայրերի դպրոցները: Այստեղ ևս մեծ ներդրումներ ենք կատարելու: Ամեն անգամ, երբ ես ուսումնական տարվա արդյունքներով պարգևատրումներ եմ կատարում Նախագահի նստավայրում, մեդալակիրների շարքում, անպայման, սյունեցիներ են լինում: Պայծառ երեխաներ են: Մենք պետք է կարողանանք զարգացնել այդ արդյունքները, կարողանանք կոլեկտիվները համալրել նաև ուսուցչական որակյալ և երիտասարդ կադրերով»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: