24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը կլինի Հայաստանից

Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանի հետ

Վերջերս լույս տեսավ Ձեր հեղինակած «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» ծավալուն գիտական աշխատությունը: Ի՞նչ նախապատմություն ունի այն:

Ոչ մեկին գաղտնիք չէ, որ Նոյան տապանը իջել է Արարատ սարի վրա, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է եղել և այս ամենը մղում էր մեզ տեսնելու մեր երկրի խորհրդավորությունը: 15 տարի առաջ տպագրեցինք մի քարտեզ, որի վրա տեղակայված էին Հայոց երկրի առանձնաշնորհները: Այնուհետև Տիրոջ ողորմածությամբ բացահայտեցինք մի շարք փաստեր, Աստծո կողմից ընձեռնված բազմաթիվ շնորհներ, որ կապված էին Հայաստանի հետ: Երկրագնդի վրա չկա մի վայր, որ ունենա այդքան շնորհների լեցունություն, որքան մեր երկիրը: Այս աշխատանքի արդյունքում էլ լույս տեսավ այս գիրքը, որ կունենա իր շարունակությունը ևս երեք հատորով:

Սույն մեծածավալ աշխատության փաստերն ի՞նչ հիմնավորումներ ունեն:

Առաջին հատորի յուրաքանչյուր գրքի սկզբնաղբյուրներում հայ հեղինակների հետ միասին ընդգրկված են նաև բազմաթիվ օտարազգի հեղինակներ, օրինակ, հնէաբան, պատմաբան Դեվիդ Ռոլ, անգլիացի կովկասագետ Դեվիդ Լենգ, ռուս պատմաբան, զինվորական գործիչ և հրամանատար Վիկտոր Աբազա և ուրիշներ: Պատկերը ավելի ճոխ և գեղեցիկ է դառնում, երբ օտարներն են մեր երկրի մասին խոսում: Մեր հոգևոր և եկեղեցական պատմությանն ավելի շեշտադրված անդրադարձել են նաև Մխիթարյան հայրերը՝ Ղևոնդ Ալիշանը, Ղուկաս Ինճիճյանը, Միքայել Չամչյանը և մյուսները: Այս հեղինակներն իսկապես տեսել են մեր երկրի խորհրդավորությունը՝ իրենց աշխատություններում ներառելով նաև եվրոպացի աստվածաբանների նյութերը Հայոց երկրի հետ կապված: Գրքում անդրադարձել ենք բազմաթիվ գիտնականների մեջբերումներին Քուր-արաքսյան քաղաքակրթության հետ կապված:

Օրինակ՝ Մելքիսեդեկն եղել է Սուրբ Գրքի ամենաառեղծվածային անձնավորությունը, ում մասին շատ քիչ տեղեկություններ կան: Բայց և՛ օտարազգի հեղինակները, և՛ մեր հնագույն պատմությունը հնէագիտության հետ միասին ապացուցում են Հայկ նահապետի և Մելքիսեդեկի նույն անձը լինելը: Այս մասին է գրել նաև Սբ. Գրիգոր Նարեկացին իր «Ապարանից խաչի պատմություն» ներբողում:

Ըստ Ձեր ուսումնասիրության՝ Հայաստան երկիրը ի՞նչ առաքելություն ունի Տիրոջ կողմից:

Իմանալու համար, թե ինչ առաքելություն ունի Հայոց երկիրը, մենք պետք է տեսնենք, թե ինչ է ունեցել նա նախկինում: Մենք գիտենք, որ այստեղ է արարվել Եդեմական Դրախտը, այստեղ էր արտադրախտային կյանքը, առաջին աստվածպաշտության վայրը, և Հայոց սուրբ հողն էր, որ ընդունեց առաջին սուրբ նահատակի՝ Աբելի արյունը: Մեր երկրում կառուցվեց Նոյան տապանը՝ Քրիստոսի Եկեղեցու խորհրդանիշը: Ջրհեղեղից հետո մարդկության հայրենիք Հայաստանից Նոյի սերունդն իջավ Բաբելոն և ցրվեց աշխարհով մեկ: Հայոց հողի վրա էր, որ կռապաշտության համար տեղ չգտնվեց, և պահպանվեց Աստծո հանդեպ սուրբ հավատը:

Այս երկրում էր, որ հնում եղավ առաջին համաշխարհային պատերազմը՝ բարու և չարի միջև, և այստեղ էր, որ հայոց բարեպաշտ նահապետ Հայկի կողմից արձակված նետից ընկավ առաջին նեռը՝ Նեբրովթ-Բելը: Մեր լեզուն եղել է և կա դրախտի լեզուն: Պատմությունը փաստում է, որ հայ ազգը մշտապես կարապետի՝ Տիրոջ ճանապարհը պատրաստողի, կարգավիճակում է եղել, Սբ. Հովհաննես Մկրտիչը՝ Կարապետը, ասել է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը, հարթեցե՛ք նրա շավիղները» (Ղուկաս 3:4):

Առաքելությունը շատ մեծ է եղել և լինելու է մինչև վերջ: Հայ ազգն իր քրիստոնեական պատմության ընթացքում երեք մեծ անկում է ունեցել՝ 7-8-րդ դարեր, 15-17-րդ դարեր՝ երկդարյա խավար շրջան, երրորդը և վերջինը՝ 18-դ դարից առ այսօր: Ամեն մի անկմանը հաջորդել է արթնության շրջան և վերջինը լինելու է ամենահզորը:

Սբ. Սահակ Պարթևը, Վարդան Այգեկցին և Ղևոնդ Ալիշանը գրել են այդ մեծ արթնության մասին, դա և՛ մարգարեական է, և՛ տրամաբանական, որովհետև ինչ որ եղել է այստեղ ի սկզբանե, վերջում այստեղից էլ պետք է սկիզբ առնի:

Ըստ մարգարեության և տրամաբանության՝ Հայաստանը պետք է դառնա այն հզոր քրիստոնյա պետությունը, որ եղել է Սբ. Գրիգոր Լուսավորչի ժամանակ: Տիրոջ Երկրորդ Գալուստն էլ պետք է լինի Հայաստանից և այդ մասին ասել են Սբ. Գրիգոր Տաթևացին, Վանական վարդապետը, Սբ. Գրիգոր Աստվածաբանը:

Սա մարգարություն չէ, այլ Սուրբգրային ընկալում՝ Արևելքում Տերը ստեղծեց դրախտը, Արևելքից Նոյի ժողովուրդն իջավ Սենաար: Արևելք կոչվածը Սուրբգրային Արևելքն է և Տիրոջ Երկրորդ Գալստյան մասին Նոր Կտակարանում կարդում ենք.

«Մարդու Որդին գալու է կայծակի նման, որը երբ փայլատակի, պիտի լուսավորի ամբողջ երկնակամարը՝ արևելքից արևմուտք» (Մատթեոս 24:27): Դրախտի, Նոյի, առաջին քրիստոնյա պետության և Քրիստոսի Երկրորդ Գալստյան տարածքները նույնացվում են:

Մեր Տերն Իր խաչելությամբ և հարությամբ փրկության դուռը բացեց համայն աշխարհի համար, և եթե մենք այդ ուղիով չընթանաք, բուն նպատակ ունենալով փրկությունը, հավիտենական կյանքը, ապա այս բոլոր շնորհները մեզ համար որևէ արժեք չեն ունենա: Մեր վարդապետներից Եղիշեն ասել է, որ բարեխոսներ ունենք Աստծո առաջ, դրանք՝ Երկրի գետերն են և տապանը: Աստվածատուր այս շնորհները թող պատճառ դառնան, որ քրիստոնյան իր հավատի մեջ առավել զորանա, իսկ ովքեր հավատքից հեռու են, կարողանան տեսնել, թե ինչեր են իրենց տրված ու դեռ սպասվում, և գուցե իրենց համար բացվեն հավատքի դռները:

Կարինե Սուգիկյան

Մանրամասները` սկզնաղբյուր կայքում

hayoc-erkiry-mets-oskedari-nakhashemin-1951

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ