23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՛չ Օբաման, ո՛չ էլ Ռոմնին արժանի չեն ամերիկահայերի ձայներին

Հայաստան կատարած իմ վերջին ուղեւորության ընթացքում, լրագրողները հաճախ էին ինձ հարցնում, թե Միացյալ Նահանգների նախագահի ո՞ր թեկնածուին եմ ձայն տալու նոյեմբերի 6-ի ընտրություններում: Իմ պատասխանը հստակ էր եւ միանշանակ` ես քվե չեմ տալու ո՛չ նախագահ Օբամային, եւ ո՛չ էլ նահանգապետ Ռոմնիին: Վերադառնալով Միացյալ Նահանգներ, ես ուրախությամբ իմացա, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը միեւնույն որոշումն էր կայացրել` հավանություն չտալով թեկնածուներից եւ ոչ մեկին:

Դժվար չէր նման որոշում կայացնել, քանի որ երկու թեկնածուներն էլ հայերին հուսախափ էին արել. նախագահը հավատարիմ չէր մնացել իր խոսքերին հայկական եւ ոչ հայկական շատ հարցերի վերաբերյալ, իսկ նրա մրցակիցը որեւէ հետաքրքրություն չէր ցուցաբերել ամերիկահայ համայնքի եւ նրա հարցերի շուրջ:

Ահա նախագահ Օբամայի` հայկական հարցերի վերաբերյալ դրժած խոստումների երկար ցանկը.

1. 2008 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում նա բազմիցս էր խոստացել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ ընտրություներից հետո խախտեց իր խոստումը:

2. Բացի այդ, Օբամայի վարչակազմը ընդդիմացավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձեւի ընդունմանը:

3. Նախագահ Օբաման զգալիորեն կրճատեց Հայաստանի եւ Արցախի համար նախատեսված արտաքին օգնության գումարը: Ավելին, նրա վարչակազմը չծախսեց Կոնգրեսի կողմից  Արցախին հատկացված օգնության ամբողջական գումարը:

4. Նա ճնշում գործադրեց Հայաստանի վրա` 2009 թվականին Թուրքիայի հետ տխրահռչակ Արձանագրությունները ստորագրելու համար:

5. Նախագահ Օբաման չստիպեց Թուրքիային վերացնել վերջինիս կողմից Հայաստանի շրջափակումը:

6. Նա ձայն չհանեց Ադրբեջանի նախագահի` Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմի բազում սպառնալիքների առնչությամբ եւ անտեսեց Արցախի ինքնորոշմանը սատարելու իր նախընտրական խոստումը:

7. 2010 թվականի դեկտեմբերի վերջին, շրջանցելով Միացյալ Նահանգների սենատորների կողմից դրված “կասեցումը”, նախագահ Օբաման միակողմանիորեն Մեթյու Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակեց: Ամերիկահայ համայնքի ճնշող մեծամասնությունը դեմ էր Բրայզայի թեկնածությանը:

8. Նախագահ Օբաման խախտելով մի այլ խոստում` չհաջողացրեց Հայաստանի հետ առեւտրի խթանումը:

9. Նա եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չարձագանքեցին ամերիկահայ ղեկավարների հետ հանդիպելու նրանց բազմաթիվ խնդրանքներին` իրենց մտահոգությունները ներկայացնելու համար:

Ամերիկահայերը կարիք չունեն աղաչելու, որպեսզի նախագահ Օբաման ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նման հայտարարություն արել էր 1981թվականի ապրիլի 22-ի իր նախագահական Հռչակագրում: Չճանաչելով Հայոց ցեղասպանությունը, նախագահ Օբաման պարզապես կորցրեց իր իսկ վստահելիությունը: 2008 թվականին ամերիկահայերի մեծ մասը հավատում էր նրան. 2012-ին նրան այլեւս չեն հավատում: Ինչպես հայտնի ասացվածքում է ասվում` “մեկ անգամ ինձ խաբես` ամոթ քեզ, երկրորդ անգամ ինձ խաբես` ամոթ ինձ”:

Նրանք, ովքեր կարծում են, որ այսպիսի գնահատականը չափազանց սուր է եւ խիստ կենտրոնացված զուտ հայկական հարցերի վրա, պետք է տեղյակ լինեն, որ համաձայն politifact.com կայքի`  նախագահ Օբաման չի կատարել նաեւ իր մյուս 86 խոստումները ազգային եւ միջազգային հարցերի վերաբերյալ:

Նահանգապետ Ռոմնիի կապերն ամերիկահայերի հետ ավելի լավ վիճակում չեն: Նա խուսափել է համայնքի հետ որեւէ շփումից` փորձ չանելով անգամ ստանալ նրանց աջակցությունն ու ձայները: Խնդիրն այն է, որ եթե հիմա, երբ ամեն մի ձայն խիստ անհրաժեշտ է նրան ընտրվելու համար, նա այսպիսի անտարբերություն է ցուցաբերում, ապա ընտրություններից հետո, անկասկած, նա ոչ մի ուշադրություն չի դարձնի հայերի եւ նրանց խնդիրների վրա:

Ակնհայտորեն անխոհեմ է, որ նախագահի երկու թեկնածուներն էլ չեն ձգտել ստանալ ամերիկահայ ընտրողների աջակցությունը կարեւորագույն նահանգներում, այն ժամանակ, երբ մրցավազքն այնքան թեժ է, որ նույնիսկ փոքր քանակությամբ ձայները կարող են ճակատագրական լինել: Սակայն երկու թեկնածուների համար էլ դեռ ուշ չէ բանակցել ամերիկահայ համայնքի ղեկավարության հետ եւ անդրադառնալ նրանց խնդիրներին: Սա չի կարող դյուրին խոսակցություն լինել, քանի որ գործնականորեն անհնար է վստահել նախագահ Օբամայի նոր խոստումներին. նրա միակ արժանահավատ գործունեությունը կարող է լինել հայկական մի կարեւոր հարցի վերաբերյալ դրական քայլ կատարելը մինչեւ նոյեմբերի 6-ը: Մյուս կողմից, նահանգապետ Ռոմնին ավելի ծանր կացության մեջ է, քանի որ լինելով թեկնածու, նա կարող է միայն խոստումներ տալ, որոնք լրջորեն չեն ընդունվի այս ուշացած պահին:

Ամերիկահայ համայնքը պետք է մի նոր ընտրական ռազմավարություն որդեգրի, որպեսզի խուսափի կեղծ խոստումներից կրկին խաբվելուց: Միայն այն թեկնածուները, որոնք կատարել են իրենց նախընտրական խոստումները առաջին պաշտոնավարման ընթացքում, պետք է աջակցություն ստանան վերընտրվելու համար: Հայանպաստ կարեւոր ձեռքբերումներ չունեցող կամ նոր թեկնածուների խոստումները պետք է պարզապես անտեսել:

Ի վերջո, նախագահի քվեարկությանը չմասնակցելը չի նշանակում խաղից դուրս մնալ ընտրությունների ժամանակ: Միացյալ Նահանգների Սենատի 100 անդամների մեկ երրորդը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները վերընտրության թեկնածու են: Ամերիկահայ ընտրողները պետք է սատարեն իրենց հարցերին թիկունք կանգնած թեկնածուներին` նրանց վերընտրելով, եւ պետք է պատժեն իրենց հակառակորդներին՝ նրանց հեռացնելով պաշտոնից:

 

Հարութ Սասունյան`

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ