ՆԱՏՕ-ն սատարում է իր դաշնակից Թուրքիային. Ռուսաստանը հակադարձում է
Նախօրեին Սիրիայում ռուսական օդանավի կործանման կապակցությամբ Հյուսիսատլանտյան դաշինքն արտահերթ նիստ է հրավիրել, որից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն սատարում է իր դաշնակից Թուրքիային։ Նա միեւնույն ժամանակ կոչ է արել պաշտոնական Անկարային և Մոսկվային մեղմել լարվածությունը, հայտնում է ТАСС գործակալությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ միջադեպի վերաբերյալ զրուցել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, իսկ Թուրքիայի դեսպանը Հյուսիսատլանտյան դաշինքին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին։
«Թուրքիան տեղեկացրել է դաշնակիցներին Թուրքիայի օդային սահմանը խախտած ռուսական ռազմական ինքնաթիռի անկման մասին։ Նախկինում ես հայտնել էի իմ մտահոգությունները ՆԱՏՕ-ի սահմանների մերձակայքում Ռուսաստանի Դաշնության կողմից ռազմական գործողությունների իրականացման վերաբերյալ։ Սա ընդգծում է ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելու կարևորությունը՝ ապագայում նման միջադեպերից խուսափելու համար»,- ասել է Սթոլթենբերգը։
Ռուսաստանն արձագանքել է ՆԱՏՕ-ի այս հայտարարությանը։
ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Րյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան ՆԱՏՕ-ից օբյեկտիվություն չի ակնկալում։
«Չեմ կարծում, որ այստեղ կարելի է ՆԱՏՕ-ից օբյեկտիվություն ակնկալել, պարզ է, որ Թուրքիայի կողմը կբռնեն՝ իբրեւ դաշնակցի»,- ասել է նա։
Փոխնախարարը միեւնույն ժամանակ նշել է, որ «Թուրքիան արդեն տարբերակ է տարածում, թե իբր իրենք բազմաթիվ զգուշացումներ են արել ռուսական ինքնաթիռին՝ նախքան այն խոցելը»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: