Ոչ-ը` Սերժ Սարգսյանին
Ազատության հրապարակում մեկնարկած` ՀԱԿ-ի հրավիրած «ՈՉ»-ի հանրահավաքին ելույթ ունեցավ «ՈՉ»-ի շտաբի պետ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը .
«1. Մեր հասարակությունը լիովին ըմբռնել է Սերժ Սարգսյանի ծրագրի էությունը: Նա շատ լավ հասկացել է, որ Սահմանադրությունը փոխելու որևէ կարիք չկա, սահմանադրական փոփոխության մեջ որևէ հանրօգուտ էություն չկա, եւ այդ սահմանադրափոխությունը լուծում է միայն Սերժ Սարգսյանի իշխանության հարցը:
2. Պետական իշխանության տարբեր մակարդակներում նույնպես հասկացել են, որ լուծվում է մեկ մարդու իշխանության պահպանման հարց: Եւ այդ հարցը լուծվում է կոլեկտիվ անպատասխանատվության համակարգի ստեղծումով, որում ոչ ոք չի ունենա արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ լիազորություններ: Բայց ամեն ինչ կորոշի Սերժ Սարգսյանը: Հասկանալով այս ամենը և չտեսնելով իրենց տեղը այս խախուտ համակարգում՝ իշխանության մեջ շատերը ցուցադրաբար օգնում են Սերժ Սարգսյանի վերարտադրությանը, բայց տակից գործում են լրիվ հակառակ ուղղությամբ:
3. Հանրաքվեում պայքար չի լինելու թեկնածուների կամ կուսակցությունների միջեւ: Հայաստանում միամիտներ չկան, եւ բոլորն էլ հասկանում են, որ սա լինելու է մրցակություն Սերժ Սարգսյանի կողմնակիցների եւ նրա դեմ պայքարող իրական ընդդիմության միջեւ:
Կաևորն այն է, որ այս իրողությունը առաջացրել է իրական ընդդիմադիր ուժերի աննախադեպ կոնսոլիդացիան: Մեր մեջ՝ ընդդիմության մեջ, որեւէ բաժանարար գիծ չկա:
4. Սոցհարցումները, որոնք պատվիրել են իշխանությունները, նրանք դա չեն հրապարակում, որովհետեւ դրա արդյունքները ուղղակի խայտառակ է իշխանությունների համար, որովհետեւ այնտեղ «ոչ»-երի քանակը՝ իրենց իսկ պատվիրած սոցհարցումների համաձայն, երեք անգամ ավելին է, քան «այո»-ն: Սոցհարցումները, ՀԿ-ների, եւ քաղաքացիական նախաձեռնությունների հայտարարությունները, սոցցանցերում «Ոչ»-ի քարոզարշավի հաղթարշավը, «Այո եւ ոչ» ռեալիթի շոուն ցույց են տալիս, որ մեր ժողովրդի ակնհայտ մեծամասնությունը մերժում է իշխանությունների սահմանադրափոխության պլանը: Ժողովուրդը կողմնորոշվել է եւ ոչ է ասում Սերժ Սարգսյանին:
5. Շնորհիվ բովանդակալից եւ կրեատիվ մոտեցումների, «ոչ»-ի քարոզարշավը ձնագնդի նման աճում է՝ հաջողելով գրավել ոչ միայն ավանդաբար իշխանություններից դժգոհ զանգվածներին, այլ նաեւ երիտասարդության, տարբեր տեսակի բիզնեսներում աշխատանքով ապահովված միջին խավի եւ մտավորական աշխատանքով զբաղվող հասարակությանը: Եթե մենք լինեինք դեմոկրատական նորմալ պետությունում, արդեն այսօրվանից մենք կարող էինք հայտարարել, որ «ոչ»-ի շարժումը հաղթանակած է: