Լրագրողները 3 կգ պայթուցիկ են խորհրդարան մտցրել
Լեհական “TVP” հեռուստաալիքի աշխատակիցները 3 կգ պայթուցիկ նյութ են անցկացրել խորհրդարանի ստորին պալատ, որպեսզի ապացուցեն` ահաբեկչություններից նրա պաշտպանված չլինելը, գրում է “Wprost”-ը:
Ահաբեկչության իմիտացիան իրականացվել է լրագրող Տոմաշ Սեկելսկու նախագծով: Լրագրողի անվան տակ տղամարդը` պայթուցիկ նյութերով լի ճամպրուկով, առանց անցաթղթի մտել է նիստերի դահլիճ, հասել առաջին շարքին եւ պայթուցիկ նյութերով լի ճամպրուկը դրել դեմոկրատների միության ղեկավար, Լեհաստանի նախկին վարչապետ Լեշեկ Միլլերի դիմաց, իսկ այնուհետեւ լքել է տարածքը:
Այդ ողջ ընթացքը “ահաբեկիչը”, որը նույնիսկ լրագրող չի եղել, նկարահանել է թաքնված տեսախցիկով: Դրանով լրագրողները ցույց են տվել, որ խորհրդարանն այնքան լավ չէ պաշտպանված ահաբեկչություններից, որքան որ պնդում են քաղաքական գործիչները:
2012-ի նոյեմբերին Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը ձերբակալել էր Կրակովի 45-ամյա բնակչի, ով փորձել էր ահաբեկչություն իրականացնել նախագահի եւ խորհրդարանի դեմ: Նա իրեն նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հետնորդն էր անվանել: Հանցագործի բնակարանում մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր էին հայտնաբերվել: